ԱԺ չորս խմբակցությունների` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչների հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ԱԺ հայտարարությունը երեկ չընդունվեց. այն ստացավ 46 կողմ եւ 53 դեմ ձայն: Ահա այն պատգամավորները, որոնք տապալեցին այս նախագիծը՝ պարտադրելով ՀՀ քաղաքացիներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 5 կամ 10 տոկոսը վճարել անհայտ ֆոնդերին՝ ծերության ժամանակ թոշակ ստանալու համար:
ՄԱՐԶԵՐ
ԲԵՌՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` անցյալ տարվա համեմատ այս տարի Տավուշի տարածքային հարկային տեսչության հարկային հավաքագրումների պլանն ավելացել է 40 միլիոն դրամով:
Վերջին մեկ տարում մարզում քիչ նոր ձեռնարկություններ են գործարկվել, ստվերում գործող ձեռնարկություններ էլ չկան, որ բերվեն հարկային դաշտ, ուրեմն ի՞նչ հիմնավորում կարող է ունենալ հարկային բեռի մեծացումը:
ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում բազմաթիվ են մարզում գործող հիմնարկությունների դեմ Տավուշի տարածքային հարկային տեսչության ներկայացրած հայցերը: Դրանք վերաբերում են մարզի ընկերությունների ժամկետանց հարկային պարտավորություններին, դրանց հետեւանքով առաջացած տույժ-տուգանքներին:
Տավուշի մարզի 4 շրջաններից 3-ը` Իջեւանը, Նոյեմբերյանը եւ Բերդը, սահմանակից են Ադրբեջանին: Սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում, աշխատում են մահվան վտանգի ներքո: Սակայն սահմանամերձ, ադրբեջանական զինուժի նշանառության տակ գտնվող գյուղերում հարկային որեւէ արտոնություն չկա:
Չինարիում, Կոթիում, Բերքաբերում, Վազաշենում տնտեսվարող սուբյեկտների համար հարկային արտոնություններ սահմանված չեն, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցի համար դրանք տրամադրվել են: Սահմանամերձ գյուղերի խանութներում «նիսյայի»՝ ապառիկի հաստափոր տետրեր կան: Սահմանագոտում տնտեսվարողների մեծ մասը «վարկերի տակ է»: Ուրեմն ինչո՞ւ է մեծացել Տավուշի մարզի հարկային բեռը: Որ այդ գումարներով մեր պատգամավորները մեծ խմբերով էկզոտիկ երկրներ գործուղումների՞ գնան:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրի դատավոր Զոյա Զաքինյանն ասաց, որ դեռեւս չի հասցրել ծանոթանալ Լյուքս Ստեփանյանի մահվան գործով քրեական գործի նյութերին:
Դատավորը հայտնեց, որ ծանոթանալուց հետո ինքը կորոշի այդ գործով դատավարության առաջին նիստի օրը: Նախկինում գործը հասցեագրված էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ Լյուքս Ստեփանյանն իր բարեկամն է: Նկատի ունենալով, որ այս քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրություն կա, ակնկալվում էր, որ շատ լրատվամիջոցներ էին լուսաբանելու դատավարությունը:
Սակայն դա կարող է տեղի չունենալ Բերդ տանող ճանապարհի պատճառով: Բանն այն է, որ Իջեւան-Բերդ հիմնական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը խոցելի է ադրբեջանական զինուժի համար: Բերդ-Ճամբարակ ճանապարհի մի հատված նույնպես խոցելի է հակառակորդի հենակետերից:
Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհն էլ թեեւ ապահով է ադրբեջանական գնդակոծություններից, սակայն անբարեկարգ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ