«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաշխարհային հանրութան առջեւ մագաղաթյա ու ձեռագիր գրքերով հպարտացող, առաջին տպագիր գիրք ունեցող ազգերից համարվող, դարեր ի վեր սեփական կյանքի գնով գիրք ու գրականություն փրկող հայ ժողովրդի պատմական դեպքերի թվարկման համար հատորները չեն բավականացնի:
Բայց այսօր, երբ ունենք անկախ պետություն, թերեւս ամենաանտեսված, գրեթե անտերության մատնված ոլորտը հանրապետության գրադարաններն են ու դրանց ֆոնդերի վիճակը: Չնայած 2012թ. Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, սակայն հենց այդ ընթացքում մայրաքաղաքում փակվեցին մի շարք գրադարաններ ու գրատներ:
Առավել անմխիթար իրավիճակ է հանրապետության մարզային բնակավայրերում գտնվող գրադարաններում, որոնցից շատերը փակվեցին, իսկ գործողներում էլ պահվող գրքերի վիճակը, բառի բուն իմաստով, աղետալի է:
Օրինակ՝ դեռեւս 2013թ.-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի գրադարանները փակվեցին, իսկ 2014թ.-ին փակվեցին Գագարին բնակավայրի 2 գրադարանները, մանկական գրադարանն էլ տեղափոխվեց Կենտրոնական գրադարան: Արդյունքում Սեւանում հիմա գործում է ընդամենը մեկ գրադարան, այն էլ` ոչ բարվոք շենքային պայմաններով, առանց ջեռուցման, որտեղ պահվում է մոտ 100.000 կտոր գիրք:
Գրադարանավարուհիներն ամռանը ստիպված են լինում գրքերը հանել դուրս, դասավորել արեւի տակ՝ տարվա մնացած ամիսներին դրանցում ներծծված խոնավությունից ազատվելու համար»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: