2011-ին բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 650 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերվել, որից միայն 87-ը օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն են բացահայտել: Օրերս նրանք հերթական բացահայտումներն են արել: Այսպես, ձեռնարկատիրական գործունեության օրինականության հանգամանքերը պարզաբանելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն այցելել են Երևանի Հաղթանակ 1-ին փողոցի ետնամասում գտնվող 100քառ. մետր տարածք զբաղեցնող շինություն, որտեղ և հայտնաբերել են Արմեն Խաչատրյանին պատկանող ապօրինի գործող կահույքի արտադրամաս: Երևանի մեկ այլ բնակիչ էլ` Արթուր Աղբալյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, Հ.Քոչար փողոցի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակը թիթեղյա իրերի պատրաստման կետ էր դարձրել: Իսկ Երևանի Սևանի փակուղի 1 հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Վահագն Կարապետյանին պատկանող փայտամշակման արտադրամաս` կրկին առանց պետական գրանցման: Հարկային դաշտից դուրս` Արցախի 73 հասցեում փայտամշակման արտադրությամբ էր զբաղվում նաև Արթուր Նիկողոսյանը: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս նաև անօրինական գործող ատամանբուժարան են հայտնաբերել: Պարզվել է, որ անհատ ձեռներեց Աննա Բաղդասարյանը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ 1-ին փողոցի 54/1 տանը ատամանաբուժական ծառայություն էր մատուցում: Հայտնաբերված բոլոր դեպքերով էլ պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից armlur.am -ին հայտնեցին, որ կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները:




Լրահոս