«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված աննախադեպ փոթորիկի հետեւանքով փլված տների ու փշրված կտուրների հարցը մինչ կքննարկվի այսօր` ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «գործի անցավ»:
Նա երեկ կեսօրին Վարդենիս էր ուղարկել տանիքների համար նախատեսված «շիֆեր»` 15 բեռնատար ավտոմեքենայով: Տանիքի շինանյութը Վարդենիս էր տարել ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը` նկարահանող խմբի հետ միասին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների մի մասը, սակայն, հրաժարվել է Ծառուկյանի օգնությունից: Բանն այն է, որ Հրանտ Մադաթյանը բնակիչներին ասել է, թե տանիքի նորոգման նյութերը կստանան պայմանով, եթե տեսախցիկի առաջ ասեն, որ բացի Ծառուկյանից իրենց որեւէ մեկը չի օգնում: Այս պայմանը դուր չի եկել շատ վարդենիսցիների: Նրանց մի մասը սպասում է, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից խոստացված թիթեղները տեղ կհասնեն: Բացի այդ, երեկվանից բնակիչների կոտրված պատուհանները սկսել են փոխել` դարձյալ մարզպետարանի ջանքերով»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: