Մոսկվան մնում է ԼՂ հակամարտության ստատուս քվոն պահպանելու կողմնակից. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի մեկնաբանություններին: Մասնավորապես հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանն առաջիկայում փորձի ԼՂ հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի այդ երկրներին եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ուղղությամբ գրավելու համար, եթե Գլազեւը խոսում է հակամարտության շուտափույթ կարգավորման եւ եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի մասնակցության անհրաժեշտության շուրջ, Պիոնտկովսկին պատասխանեց, որ Գլազեւի հայտարարությունների իմաստը չէր փորձի գերագնահատել, քանի որ նա շատ հայտարարություններ է անում:

«Օրինակ՝ հենց երեկ Պեսկովը ստիպված եղավ նրան հերքել, երբ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին Գլազեւն անվանեց ֆաշիստ: Գլազեւը ծայրահեղ իմպերիալիստական կերպար է Պուտինի շրջապատում: Թեեւ նա Պուտինի խորհրդականն է, չեմ կարծում, որ Պուտինը անվերապահորեն հետեւում է Գլազեւի խորհուրդներին, Գլազեւն անհրաժեշտ է Պուտինին միայն նրա համար, որպեսզի վախեցնի իր արտասահմանյան գործընկերներին այդ ծայրահեղ կարծիքներով եւ նրա ֆոնին երեւա չափավոր»,- նշեց ռուսաստանցի հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, նրա համոզմամբ, Մոսկվան հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կփոխի իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը եւ կմիանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, որոնք այսպես թե այնպես տապալվում են, էլ չասած այն, որ Ուկրաինան ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ղազախստանն ու Բելառուսը հրաժարվեցին Ռուսաստանի հետ քաղաքական միություն ստեղծելու գաղափարից եւ սահմանափակվեցին միայն մաքուր տնտեսական ոլորտով, այնինչ Ռուսաստանի նպատակն էր ԽՍՀՄ վերականգնումը: Պիոնտկովսկին հնարավորություն չի տեսնում, որ Ադրբեջանը փոխի իր արտաքին քաղաքականությունը: Նրա պատկերացմամբ՝ այս առնչությամբ Մոսկվայում պատրանքներ չկան: Ուստի Մոսկվան, ըստ նրա, մնում է ԼՂ հակամարտության ստատուս քվոն պահպանելու կողմնակից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս