Հայ կինը վերջին շրջանում ավելի համարձակ է դարձել. հոգեբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց իրավունքների կենտրոնի Ազգային թեժ գծին նախորդ տարվա ընթացքում եղել է 2032 զանգ, որից 1678-ը ընտանեկան բռնությունների վերաբերյալ`1042-ը հոգեբանական բռնություն, 612-ը` ֆիզիկական ու միայն 24-ը` սեռական: Երևանում գտնվող Ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 1325 այց, որից 288-ը` հոգեբանական բռնության դեպքերի վերաբերյալ, 160-ը` ֆիզիկական ու 11-ը` սեռական բռնության: Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի ու Լոռու մարզերում գործող Ճգնաժամային կենտրոններում գրանցվել է 1247 զանգ, որից 806-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել: Այս թվերը ասուլիսում ներկայացրեց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը: Նա նաև հայտնեց, որ վերջին շրջանում իրենց կենտրոն զանգերը շատացել են: Բայց դա կապում են ոչ թե բռնությունների քանակի ավելացման հետ, այլ, ըստ Դ. Սարգսյանի, կանանց շրջանում իրազեկվածության մակարդակն է բարձրացել ու նրանք ավելի շատ են սկսել բարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին: Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանն ասաց, որ կանանց նկատմամբ բռնությունների դեպքեր հանդիպում են ոչ միայն Հայաստանում, այլ գրեթե բոլոր երկրներում, նաև` զարգացած: Բայց, ի տարբերություն շատ այլ երկրների կանանց, հայ կինը լինելով ավանդապաշտ, շատ դեպքերում դիմանում է խոշտանգումների, կտտանքների` իր ընտանիքը պահպանելու համար: “Դիմում են այնքան ժամանակ, մինչև դանակը արդեն ոսկորին է հասնում”,- ընդգծեց Ա. Հակոբյանը: Հոգեբանի խոսքով, հայ կինը վերջին շրջանում ավելի համարձակ է դարձել: 




Լրահոս