Կանխվել է ապահովագրական խարդախության 30 փորձ՝ 19 մլն դրամ ընդհանուր չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը 2014 թվականի առաջին ամիսների ընթացքում կանխել է խարդախության ավելի քան 30 փորձ՝ մոտ 19 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով:

Տվյալ պահին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության կողմից ներկայացված դիմումներով ներքին գործերի մարմինները հարուցել են քրեական գործեր անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խարդախության երեք դեպքով: Այսօրվա դրությամբ տվյալ գործերով իրականացվում է հետաքննություն: Եվս երկու գործով առաջին ատյանի դատարանները արդեն կայացրել են դատավճիռ:

Առաջին դեպքում Հայաստանի երեք քաղաքացիներ ճանաչվել են մեղավոր մի խումբ անձանց կողմից խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՃՏՊ-ի քննության ընթացքում պարզվել է, որ տեղի է ունեցել վարորդի փոխարինում: Դրա արդյունքում հանցագործները փորձել են ընկերությունից ստանալ 592,000 ՀՀ դրամ գումարի հատուցում: Դատավճռով մեղավորներից յուրաքանչյուրը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 600-պատիկից մինչև 700-պատիկի չափով:

Երկրորդ դեպքում Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչներին առաջադրվել է նախնական համաձայնությամբ խոշոր չափերի խարդախություն կատարելու փորձով մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մխիթար Գ. և Արմեն Ա. նախկինում տեղի ունեցած ՃՏՊ-ն փորձում էին ներկայացնել որպես նոր դեպք և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունից ստանալ 990,000 դրամ որպես հատուցում: Սույն գործով դատարանը կայացրել է դատավճիռ և յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-պատիկին հավասար տուգանք:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության տվյլաների համաձայն՝ խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից և հին պատահարով հատուցում ստանալու փորձերից արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության անվտանգության ծառայության հաղորդմամբ ընթացիկ տարվա մեջ կտրուկ կրճատվել է մեղավոր կողմի փոխարինման դեպքերի քանակը, երբ ապահովագրական ընկերությունում որպես տուժող կողմ հանդես էր գալիս ավելի մեծ վնասներ կրած մեքենայի սեփականատերը, ինչի արդյունքում ապահովագրական ընկերությունը վճարում էր ավելի խոշոր գումարների հատուցումներ: Դրան են նպաստել 2014 թվականին Բոնուս-Մալուս համակարգի բոլոր կոմպոնենտների ուժի մեջ մտնելը, ու քանի որ պատահարում մեղավոր կողմ ճանաչվելը արդեն ազդում է տվյալ վարորդի ապահովագրական պատմության վրա և հանգեցնում է ԱՊՊԱ պայմանագրի թանկացմանը, վարորդները հրաժարվում են իրենց վրա վերցնել ուրիշի մեղքը:




Լրահոս