Ինչու՞ մեղադրողն առաջարկեց Խաչիկյանին վերջում հարցաքննել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Նիստին ներկայացվեցին իրեղեն ապացույցներ ճանաչված առարկաները, որոնց զննությունն ավարտվեց ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի բնակարանից առգրավված դյուրակիր համակարգչով:

Այն բանից հետո, երբ ամբաստանյալի և նրա պաշտպանի ստորագրությամբ համակարգիչը փաթեթավորվեց, դատարանն անցավ ամբաստանյալների հարցաքննության հերթականության նշանակմանը:

Նախագահողը, հաշվի առնելով մեղադրյալների թիվը, որոշեց նախ հարցաքննել առանցքային ստորաբաժանումների պետերին` տարածքներին համապատասխան:

Օրինակ՝ սկսելով Շենգավիթ վարչական շրջանից, ծառայության հարցաքննվող աշխատակիցները կդասավորվեն հետևյալ հաջորդականությամբ` ստորադասությունից վերադաս` Սամվել Էլբակյան, Համլետ Մարտիրոսյան և Հրանուշ Դանիելյան:

Նախագահողը, բացատրելով նշված հաջորդականության տրամաբանությունը, նշեց, որ դա կատարվում է ստորաբաժանման աշխատողների միջոցով ընդհանուր պատկեր ունենալու համար:

Արշակ Վարդանյանը հայտնեց նաև, որ մյուս ամբաստանյալների հարցաքննման հերթականությունը կորոշվի վերոնշյալներին հարցաքննելուց հետո:

Նշենք, որ նախքան դատարանի կայացրած որոշումը մեղադրող կողմն առաջարկել էր սկզբում հարցաքննել Սամվել Էլբակյանին, վերջում` Վազգեն Խաչիկյանին, ինչին առարկեց պաշտպանական կողմը` նշելով, որ ըստ տրամաբանության պետք է ապացուցվի մեղադրական եզրակացության այն հատվածը, որի համաձայն կազմվել է հանցավոր խումբ: «Մի հատ չիմանա՞նք` ով է կազմակերպել, ոնց է կազմակերպել, հետո հարցաքննենք»,- այսպես խոսեց պաշտպան Արսենյանը:

Իսկ մյուս պաշտպանների մեծ մասն էլ առաջարկեց վերջում հարցաքննել իր պաշտպանյալին, ինչը, սակայն, մերժվեց:

Այսպիսով` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ գործի հաջորդ դատական նիստին` հուլիսի 10-ին, կսկսվի ամբաստանյալների հարցաքննությունը:




Լրահոս