Կնշվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնը Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնվել են 5-րդ դարում: Կյանքի վերջին տարիներին Սուրբն առանձնանում է Մանյա այր կոչվող մի քարայրում ճգնելու, ուր կնքում է իր մահկանացուն: Հովիվներն են գտնում Սրբի մարմինը եւ նույն վայրում ամփոփում (հուղարկավորում): Հետագայում մի ճգնավոր աստվածային հայտնությամբ գտնում է Սրբի աճյունը:

Այս իրողության վրա է Հայ Եկեղեցին հաստատել Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու տոնը: Պատմության ընթացքում Հայրապետի Սրբազան մասունքները Քրիստոսի Կենարար Խաչափայտի օրինակով՝ որպես քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններ, ցրվում են աշխարհով մեկ: Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին բացառիկ այն եկեղեցիներից է, ուր գտնվում է իր անվան Սրբի մասունքը՝ իբրեւ հավատի, հույսի, բժշկության համբուրելի սրբություն հայ ուխտավորի համար:

«Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնի միջոցառումների ժամանակացույց՝

Ժամը 15.30-ին Երեւանի Մայր եկեղեցուց հոգեւորականի ուղեկցությամբ երիտասարդների եւ հավատացյալների մի խումբ կուղեւորվի Խոր Վիրապ:

17.00-ին Խոր Վիրապում կկատարվի ժամերգության արարողություն, եւ կվառվի կանթեղը:

18.00-ին խումբը կվերադառնա Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի:

Ժամը 19.00-ին հոգեւորականների դասը, համայնքի անդամները՝ երիտասարդներ եւ ուխտավորներ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների դիմաց (Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ) կդիմավորեն Խոր Վիրապից բերված կանթեղը եւ թափորով կշարժվեն Մայրեկ եղեցի:

Կանթեղի լույսով կվառվեն Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը եւ Խորանի մոմերը, կկատարվի Նախատոնակ եւ մասնակիցների «Օրհնության կարգ»:

Ժամը 20.00-ին եկեղեցու հարակից տարածքում «Հավատամք» հոգեւոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի եւ պարախմբի, նաեւ այլ խմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:

Հավատացյալները հնարավորություն կունենան Խոր Վիրապից բերված կանթեղից ճրագներ վառել եւ տանել տուն: Այս տոնը Գրիգոր եւ Գրիգորյան ազգանունը կրող անձանց անվանակոչության տոնն է:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս