
ՀԱԿ-ի քաղխորհրդում “Հայ կամավորների համախմբում” ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողներին պարզաբանեց, թե ինչու են ՀԱԿ 18 ուժերից 4-ը հրաժարվել ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Ըստ նրա՝ դուրս գալու պատճառի 90%-ը վերաբերում էր ՀԱԿ-ի ռազմավարությանն ու մարտավարությանը, իսկ մնացածի պատճառն արդեն համամասնական ցուցակն էր: “3,5 տարի իբրև հայ կամավորների ազգային ներկայացուցիչ անդամակցել եմ ՀԱԿ-ին, արդեն մի քանի օր է չեմ անդամակցում”,- հայտարարեց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի հրաժարվում Կոնգրեսի որդեգրած համաժողովրդական պայքարից: “Մարտի 1-ից հետո ինձ բացարձակապես չի բավարարել Կոնգրեսի աշխատանքները”,-ասաց նա և բացատրեց, թե Կոնգրեսի քաղխորհրդի նիստերը այս շրջանում անցել են շատ բուռն, անդամներն ակտիվ առաջարկություններ են արել, սակայն քչերն են համապատասխան ուշադրության արժանացել: Բացի այդ, նրա խոսքերով մարտի մեկի հանրահավաքին ինքը կարևոր անակնակալ էր առաջարկել՝ կոչ անելով հանրահավաքը դարձնել շուրջօրյա, նույնիսկ հացադուլ հայտարարել, որը նույնպես քաղխորհուրդը մերժել է: Ի դեպ, Սամվել Հարությունյանը չհերքեց, որ հնարավոր է իր պայքարը շարունակի “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի հետ: ՀՀՇ–ին աջակցություն հայտնած ուժերը, ըստ Հարությունյանի հետևյալներն են. “Հայաստանի Սոցիալ–Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն”, “Հայաստանի լիբերալ կուսակցություն”, “Հանրապետություն” կուսակցությունը և “Հայաստանի ժողովրդական կուսակցությունը”։