ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բացի այդ` համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը:
Նախատեսվում է, որ Մաքսային Միությանն անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար:
Օրինակ` միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ մյուս փաստաթղթի` Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, սակայն տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով` մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: