ԸՆԴԱՄԵՆԸ 30 ՎԱՅՐԿՅԱՆ
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին Իլհամ Ալիեւի խայտառակ ելույթին: Նրանք լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, կոչում ընդամենը 200 տարվա պատմություն ունեցող քոչվորներ եւ այլն: Նրանց պահվածքի մասին armlur.am-ը զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ: Նա նշեց, որ նախ պետք է արդար լինել եւ հասկանալ, թե վեհաժողովի աշխատանքներն արդյոք թույլատրո՞ւմ են հարցեր տալ եւ ինչ ֆորմատով են ընթանում դրանք: «Պետք է ասել, որ մեր պատվիրակության անդամներին ընդամենը 30 վայրկյան ժամանակ է տրվում: Եվ այս առումով միգուցե կարող ենք տրամաբանական համարել նրանց բացատրությունը»,-ասաց նա:
ՉՍՏԱՑՎԱԾ ԹԵՐԹ
Չնայած ՕԵԿ-ը մեծ խանդավառությամբ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցական թերթը վերահրատարակելու մասին, սակայն կես ճանապարհին այն կանգ է առել: ՕԵԿ-ին հաջողվել է տպել թերթի միայն մեկ համար, որից հետո տպագրությունը դադարեցվել է: Նշենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գնել էր նաեւ «Երեւան» հեռուստաընկերությունը, բացի այդ, ՕԵԿ-ականներն աշխատեցնում են նաեւ մի շարք լրատվական կայքեր: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՕԵԿ-ում մտածել են, որ կուսակցական թերթը հնարավոր չի լինի վաճառել, այդ պատճառով էլ փակել են: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ եղավ թերթի տպագրությունը, ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը, ով խմբագրում է այդ թերթը, հայտնեց. «Թերթը տպագրությունը չի դադարեցրել: Թերթը տպագրվում է կանոնավոր, ամեն ամիս: Հերթական համարը լույս կտեսնի մի քանի օրից»: Նկատենք, որ սկզբում ՕԵԿ-ը հայտարարել էր շաբաթաթերթ տպագրելու մասին, այնինչ հիմա նրանք ամսաթերթ են տպագրում:
ԳՐԻԳՈՐԻՉԸ ԿՐԿԻՆ ՓԱՅԼԵՑ
ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը երեկ փայլել է լրագրողների եւ լրագրության վերաբերյալ իր պատկերացումներով, երբ, պատասխանելով ԱԺ-ում նոր կարգեր հաստատելու լրագրողի հարցին, շեշտել է. «Մարդը փորձում է գնալ իր աշխատասենյակ` մի թուղթ բերի կամ սուրճ խմի, լրագրողների խումբը հարձակվում է եւ մի հիմար հարցադրում է լինում` դուք ինչքան եք հավատարմագրվել, ինչքան փող ունեք: Սա ոնց ասեմ… աշխարհի որեւէ երկրում չեք տեսնի, որ նիստի ժամանակ լրագրողը մոտենա, որեւէ մեկին հարց տա, մանավանդ որ բոլոր պատգամավորներն ունեն իրենց օգնականները: Կարող եք դիմել օգնականներին, բայց դա ձեռ չի տալիս լրագրողին… Ես ուզում եմ թելադրություն գրողներ չլինեն լրագրողները, ուզում եմ՝ պրոֆեսիոնալներ լինեն»: