Եթե հարց տայինք` հնարավորություն կտայինք Ալիևին շեղվելու. Հ. Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:  Նա նշեց, որ նստաշրջանն առաջին հերթին աչքի էր ընկնում նրանով, որ Ադրբեջանի նախագահության պայմաններում էր ընթանում:

«Այն խնդիրներում, որոնք վերաբերում են պետականության հարցերին, պատվիրակությունն ինչպես միշտ համախմբված եղել է, այնպես էլ աշխատել է»,-նշեց նա: Անդրադառնալով այն քննադատություններին, թե հայկական պատվիրակության անդամները լռություն պահպանեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատական ելույթից հետո, ապա Նաղդալյանը շեշտեց, որ այդ որոշումը քննարկվել է պատվիրակության կողմից և բոլորի միահամուռ որոշումն է եղել:

«Մենք կրկին համոզվեցինք, որ ընտրված վարքագիծը ճիշտ է եղել, հնարավորության դեպքում կրկին նույն պահվածքը կընտրեինք»,-շեշտեց պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ եթե Ալիևին 30 վայրկյան տևողությամբ հարց տային առանց արձագանքի հնարավորության սխալ կլիներ, քանի որ հնարավորություն կտային Ալիևին շեղվելու Ադրբեջանի խնդիրներից, ու վերջինս իր ներքին լսարանի համար կասեր այն, ինչ կարող էր ասել միայն հայ պատվիրակների հարցերին ի պատասխան:

Նաղդալյանն էլ  ընդգծեց, որ նախկինում հայկական պատվիրակությունը հարց ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ստացել են կոշտ պատասխան, որին արձագանքելու հնարավորություն չեն ունեցել, և այն ժամանակ էլ քննադատում էին իրենց, որ սա իմանալով հանդերձ՝ հարց են տվել:

Նշենք, որ ասուլիսին պատվիրակության անդամներից միայն ՀՀԿ-ականներն էին մասնակցում:




Լրահոս