ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԱՐԱՉԱՐ ՍԽԱԼՎՈՒՄ Է ԻՐ «ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ» ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հնչող կրակոցներն ակտիվացել են այն պատճառով, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին ու ԵՏՄ-ին։

-Պարոն Կարապետյան, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները նախօրեին լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ ու որեւէ կերպ չէին արձագանքում: Հայկական պատվիրակությունը փորձում է արդարանալ ու հայտարարել, որ դա ընդամենը դիվանագիություն էր: Դուք ճի՞շտ եք համարում այդ լռությունը:
-Իհարկե պետք չէր լռել: Եթե նկատել եք, մեր պատվիրակներն այստեղ շատ ավելի ակտիվ են, այսպես ասած՝ մեր վրա՞ է ուժերը պատում: Ես կարծում եմ, որ տեղում պետք էր պատասխան տալ: Եթե անկեղծ ասեմ, ապա Ալիեւը սկսել է ընդհանրապես իրեն վատ պահել` քաղաքական առումով, պատճառներին ես կանդրադառնամ աշնանը: Ես կարծում եմ, որ նրա ցինիկ պահվածքին պետք էր պատասխան տալ, ԵԽԽՎ-ն այն տեղն է, որտեղ դիվանագիտություն չեն «խաղում», դա խորհրդարանական ամբիոն է, որտեղ ընդունված կարգի համաձայն՝ բոլորն էլ ելույթներ են ունենում, բոլորն էլ պատասխաններ են տալիս, առավելեւս նման ցինիկ պահվածքին: Բանաձեւը, որն ընդունվեց Ադրեբեջանի դեմ, շատ մեծ արձագանքներ ունեցավ` դրական առումով, ու մեր պատվիրակության պատասխանը եւս դրական կլիներ, որովհետեւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում բոլոր չափանիշները սահամաններից դուրս են:
-Այսօր տարածաշրջանային եւ անգամ աշխարհաքաղաքական օրակարգի առաջնային հիմնահարցերից է մնում Ղարաբաղի հարցը: Արդեն հստակ է, որ ՀՀ-ն պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին` առանց Արցախի: Ըստ Ձեզ ՝ վտանգավոր չէ՞ նման կարգավիճակում թողնել Արցախը:
-ԼՂՀ-ն մնալու է այդ կարգավիճակում մինչեւ լուծումներ գտնվեն: Որեւէ մեկը` գերտերություններից սկսած, Ղարաբաղի իրավիճակը ռեալ փոխելու իրավունք չունի` առանց ղարաբաղցիների համաձայնության: Այստեղ կա մի պետություն, որը ճանաչված չէ, բայց կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել: Ու ես կարծում եմ, որ դա բոլորն էլ հասկանալով` կփորձեն լուծումներ գտնել: Շատ բարդ խնդիր է, բայց դա է ելքը, իսկ մյուս ելքը պատերազմն է: Կարծում եմ՝ եթե Թուրքիան չմիջամտի… իսկ Թուրքիան այսօր ամեն ինչ անում է ու ոչ միայն Թուրքիան, որպեսզի մենք չանդամակցենք ԵՏՄ-ին: Իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր պատերազմական գործողության պարագայում, մեր` միության մեջ լինելու դեպքում, ՌԴ-ն լիարժեք իրավունքներ կունենա միության մեջ եղած երկրի անվտանգությունն ապահովելու համար դիմել շատ կոշտ քայլերի: Դրա համար ամեն ինչ արվելու է, որպեսզի մենք ԵՏՄ չմտնենք: Ղարաբաղը դեռ այլ կարգավիճակ չի կարող ունենալ:
-Ադրբեջանի նախագահի` պատերազմը վերսկսելու սպառնալիքները կարծես թե այդքան էլ իրականությունից հեռու չեն, քանի որ ամեն օր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինվոր է զոհվում: Լարվածության նոր էսկալացիայի վտանգներ տեսնո՞ւմ եք:
-Ադրբեջանն էլ է անհանգստացած մեր` այդ միությանը միանալու հեռանկարով, որովհետեւ հասկանում է. ներքեւում ՄՄ-ին մաս կազմող երկիր, վերեւում` Վրաստան, որը ձգտում է դեպի ՆԱՏՕ եւ Ադրբեջան, որը շատ հեղհեղուկ վիճակում է: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ մեր անդամակցության պարագայում շատ բարդ է լինելու այդ ճնշումներին դիմագրավելը: Այսինքն՝ այժմ ազատ տնտեսությունը ողջունվում է բոլորի կողմից: Չէ որ հիմա բոլորն ասում են, որ պետք է սահմաններ չլինեն, բլոկադաներ չլինեն, հայ-թուրքականը պետք է բացվի, դրա համար պրոբլեմներ են ծագում ու այդ առումով Ադրբեջանը հայտնվել է ծանր կացության մեջ: Ու այդ ամենը դուք կապեք այս հանգամանքի հետ, այդ դիվերսիաներն ու զինվորների մահերի թիվն աճեց, երբ մենք վերջնականապես մոտեցանք այդ ամենին: Պետք է իրենք ցույց տան, որ Հայաստանում պատերազմ է, որ ՀՀ-ում շատ վատ իրավիճակ է եւ նման խնդիրներ ունեցող երկրին ընդունելով` ԵՏՄ անդամ երկրները պրոբլեմներ են ունենալու: Բայց կարծում եմ` Ադրբեջանը չարաչար սխալվում է իր «գաղափարակիցների» հետ, պրոցեսներն այլ կերպ են գնալու:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս