ԱԺԻՈՏԱԺ Է
Ստեփանակերտի օդանավակայանից տեւական ժամանակ է, ինչ երկտեղանոց օդանավերը զբոսաշրջիկների համար թռիչքներ են իրականացնում Ստեփանակերտի եւ Շուշիի վրայով, ինչը Բաքվում աժիոտաժ է առաջացրել: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ առիթով ասաց. «Ստեփանակերտի օդանավակայանը, կարելի է ասել, երբեւիցե չի դադարեցրել իր աշխատանքը: Մենք ընդունում ենք ուղղաթիռներ, թռիչքներ ենք իրականացնում Արցախի փոքր ավիացիայից, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության համար: Իսկ ինչ վերաբերում է Բաքվի աժիոտաժին, ապա դա նրանց ամենասիրած թեմաներից մեկն է»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. փետրվարին Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու օդանավի առաջին ուղեւորը, ասել էր՝ եթե տեսնի, որ վտանգ կա, առաջին ուղեւորն, անկասկած, հենց ինքն է լինելու:
ՍԿՍԵԼՈՒ Է ԶՐՈՅԻՑ
ԱԺ վերջին արտահերթ նիստում ոչ իշխանական հինգ խմբակցությունները քվեարկությանը չմասնակցելով տապալեցին քվորումն ու այդպես մերժեցին նաեւ ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ տալու օրինագծերի փաթեթը: Հիմա կառավարությունը ստիպված է նախագծերը խորհրդարան բերել նույն ընթացակարգով՝ ամեն ինչ սկսելով զրոյից. նախագծի քննարկումներ ԱԺ փորձագիտական վարչությունում, հանձնաժողովներում, այնուհետեւ՝ օրակարգում ընդգրկվելուց հետո նաեւ լիագումար նիստում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք կրկին խորհրդարան են ուղարկելու այդ նախագծերը: «Ամենայն հավանականությամբ, մինչեւ հերթական նստաշրջանը նորից կներկայացնենք»,- ասաց նա: Նշենք, որ այս նախագիծն արժանացել էր նաեւ ոչ իշխանական ուժերի հավանությանը, պարզապես արտահերթ նիստում հապճեպորեն նախագծեր ներկայացնելու եւ անցկացնելու կառավարության քայլերի դեմ ի նշան բողոքի, նրանք չէին մասնակցել քվեարկություններին՝ հընթացս տապալելով նաեւ այդ նախագիծը:
ԱԱԾ-Ի ԷԺԱՆ ԴԵՂԵՐԸ
ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը վերջերս ավելի քան 1.2 մլն դրամի դեղորայք է գնել: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, 115 հազար դրամի դեղորայք նրանք գնել են «Հելթի ֆարմ», եւ 999 հազար դրամի դեղորայք էլ «Ֆեդիտա ֆարմ» ընկերություններից: Այդ գումարով գնվել են ամենասովորական դեղեր՝ պարացետամոլ, վոլտարեն, բետադին, կլոտրիմազոլ, բժշկական սպիրտ, բամբակ, պլաստիրներ, անգամ՝ ներարկիչներ ու թթվածնային դիմակներ: Հատկանշական է այն, որ ԱԱԾ ՊՊԾ-ն իր դեղորայքը գնել է ոչ հանրահայտ ֆիրմաներից, դեղորայքի վաճառքով զբաղվող ոչ հայտնի ընկերություններից: