ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ-1
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Ն. Բորդյուժան հանդիպել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ եւ հեռանկարային խնդիրներ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ-2
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով՝ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները:
ԱՐՁԱԳԱՆՔ
Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին նախօրեին տված հարցազրույցին անդրադարձել էին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանել է նրանց արձագանքներին՝ մասնավորապես շեշտելով. «Եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է եւ համբերատար, նույնիսկ՝ չափազանց համբերատար: Ուրեմն ի՞նչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները, այդ թվում եւ՝ Երեւանի քաղաքապետարանը»:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը եւ հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից եւ սնունդից՝ շեշտելով. «Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար»:
ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի վերաբերյալ ընդունվել է թիվ 577 հայտարարությունը, որը ստորագրած անձինք իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Ադրբեջանում խոսքի ու հանրահավաքների ազատությունն, անհիմն ձերբակալություններին, ընդդիմությանը լռեցնելուն, անկախ մեդիային ու քաղաքացիական հասարակությանը ճնշելուն ուղղված ապօրինի գործողությունների վերաբերյալ։