Ե՛Վ ԳԱՅԼԵՐՆ ԵՆ ԿՈՒՇՏ, Ե՛Վ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՓԻԱՐՆ՝ ԱՊԱՀՈՎՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում իշխանությունները նոր ներկայացում են պատրաստվում բեմադրել. իսկ առիթը էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջիկա որոշումն է: Հուլիսի 1-ին նախատեսված է ՀԾԿՀ նիստը, որի ժամանակ էլ պետք է որոշում կայացվի՝ սակագները բարձրացնելու մասին: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, կառավարությունում մտադիր են սակագները բարձրացնել ոչ թե այնքան, որքան առաջարկում է ՀԾԿՀ-ն, այլ՝ դրանից մի փոքր քիչ: Ինչպես ասում են՝ այդ դեպքում ե՛ւ գայլերը կուշտ կլինեն, ե՛ւ վարչապետը կներկայանա փրկչի լուսապսակով:

ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ իր հաշվարկների արդյունքում կարիք կա էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել 3.85 դրամով. այժմ ցերեկային ժամերի համար սակագինը 1կվտ/ժամի դիմաց կազմում է 38, գիշերային ժամերի համար՝ 28 դրամ: Եթե ՀԾԿՀ-ն ընդունի նախատեսված որոշումը, ապա ցերեկային ժամերի համար սակագինը կկազմի 41.85, գիշերը՝ 31.85 դրամ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ վերջերս ՀՀԿ ներսում այս հարցը բավականին ակտիվ քննարկումների առարկա է դարձել, եւ եղել են մարդիկ, ովքեր պնդել են, որ առանց այն էլ՝ երբ ոչ իշխանական ուժերը համախմբման ու ակտիվության նախանշաններ են ցույց տալիս, ժողովրդին գրգռելու, նոր դժգոհությունների առիթ պետք չէ տալ: Իսկ որ սակագների բարձրացումը կարող է համատարած դժգոհության հանգեցնել, դրանում որեւէ մեկը չի կասկածում: Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ օրինակն են:
ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նույնիսկ առաջարկ է եղել՝ խնդրել կառավարությանը՝ որեւէ քայլ անել այս առումով: Քննարկվել է տարբերակ, ըստ որի՝ ավելի լավ է՝ Սեւանա լճից որոշակի ծավալներով ջուր բաց թողնել ու օգնել հէկ-երին էժան էլեկտրաէներգիա արտադրելու, մանավանդ որ փոքր ծավալի դեպքում Սեւանի ջուրը կարող է վերականգնվել, քան թե՝ հոսանքի սակագինը 3.85 դրամով բարձրացնել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ պնդում էին, թե հավանական է, որ առաջիկայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակ ուղարկի ՀԾԿՀ՝ առաջարկելով այս հարցին որեւէ լուծում գտնել, որպեսզի սակագները շատ չբարձրացվեն: Իսկ ներկայացման հաջորդ արարը կլինի հուլիսի 1-ին, երբ ՀԾԿՀ-ն սակագները բարձրացնի ոչ թե 3.85, այլ՝ 2 դրամով: Արդյունքում կստացվի, որ ժողովրդի համար օրհասական պահին օգնության է հասնում հայրենի կառավարությունն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջամտության արդյունքում ժողովուրդը պարզապես փրկվում է թանկացումների մեծ բեռից, բայց մյուս կողմից՝ գինը մի փոքր կբարձրանա ու ՀԷՑ-երի ախորժակն ինչ-որ կերպ հնարավոր կլինի բավարարել: Սա, ի դեպ, հայտնի սցենար է եւ կիրառվել է նաեւ նախկինում. նախորդ տարի, երբ հայտարարվեց գազի սակագների բարձրացման մասին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նամակ էր ուղարկել ՀԾԿՀ՝ խնդրելով գինը սահմանել 30 տոկոս ցածր: «Նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ»,-գրել էր Տիգրան Սարգսյանը: Վերջում գազի գնի տարբերությունը, ինչպես նաեւ դրանից առաջ կուտակված պարտքը փոխհատուցվեց «ՀայՌուսգազարդ»-ում հայկական 20 տոկոս բաժնեմասի հաշվին: Հիմա չի բացառվում, որ նույն քայլն անի Հովիկ Աբրահամյանը: Ճիշտ է, հիմա դժվար է ասել, թե այս անգամ ինչ է զիջելու ՀՀ կառավարությունը ՀԷՑ-երին, բայց՝ դա մեծ հարց չէ. ի վերջո կգտնվի մի օբյեկտ ռուսներին նվիրելու համար:
Թե որքանով իրականություն կդառնա այս տարբերակը, դժվար է ասել: Սակայն ՀՀԿ մեր աղբյուրների վկայությամբ, իշխանական կուլիսներում այժմ քննարկվում է նման բան: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները. վարչապետ Հովիկ Աբրահամյանը գտնվում է Արցախում, այդ պատճառով կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը չկարողացավ պատասխանել:
Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե կա իրենց հանձնաժողովի որոշման նախագիծը, որը կքննարկեն նիստի ժամանակ, կլսեն նաեւ հրավիրված անձանց, որից հետո կկայացնեն իրենց որոշումը: «Կառավարությունը եթե կգտնի 17.9 մլրդ դրամը, կտրամադրի, դա իր հարցն է: Այսօր դեռ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որեւէ մեկն ինձ այդ հարցով չի դիմել: Եթե նման հարց կա, պետք է գրավոր դիմեն, ինչպես դիմեցին նախորդ տարի՝ գազի սակագների հարցում»,- ասաց Նազարյանը: Սակայն նա չհստակեցրեց՝ կգնի՞ արդյոք կառավարությունն այդքան գումար, թե ոչ: «Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ հանձնաժողովի նիստում հնարավո՞ր է Նազարյանը հանկարծ դեմ քվեարկի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նա հստակ պատասխան չտվեց. «Կլինի նիստը, կքննարկենք, կորոշեմ»: Թեեւ՝ առնվազն միամիտ պիտի լինել՝ կարծելու, որ ե՛ւ Ռոբերտ Նազարյանը, ե՛ւ հանձնաժողովի մյուս անդամները կհամարձակվեն գնալ նման քայլի ու դեմ կքվեարկեն: Առավելեւս, որ այս թանկացումներն արվում են հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս