«Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի»:
Հովիկ Աբրահամյան 168.am
Արցախի հզորացման համար ինչ անհրաժեշտ է՝ արվել եւ արվում է, այնպես որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ավելի լավ կլիներ՝ մտածեր Հայաստանի համար մի բան անելու մասին, որովհետեւ Հ. Աբրահամյանը կարծես թե մոռանում է, որ բացի Արցախից եւ մյուս կողմից՝ իր ազգականներից, որոնց նա հաջորդաբար պաշտոններ է տալիս, կա նաեւ Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդ, որի հզորացման համար նա դեռ ոչինչ չի անում, բացի պարտադիրը պարտադրված դարձնելուց եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումից: Ի վերջո, Աբրահամյանը պետք է իմանա, որ Արցախի հզորացումն առաջին հերթին Հայաստանի հզորացումից է կախված:
«Հիմա ասել, թե ինչ ենք անելու սեպտեմբերի 11-ին՝ ճիշտ չի լինի, որովհետեւ դինամիկ զարգացումների շրջան է սկսվելու աշնանը, եւ հիմա կանխորոշել, թե ինչ ենք անելու այն ժամանակ, կարծում եմ՝ անշնորհակալ գործ է»:
Ռուբեն Հակոբյան 168.am
Իսկ այդ դեպքում մինչեւ աշուն, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, ի՞նչ է անելու «հրաշալի քառյակ»-ը, միգուցե լողափում արեւայրո՞ւք (ժողովրդական լեզվով՝ «զագառ») են ընդունելու: Կարծես թե ընդդիմության հիմնական գործառույթը դարձել է արձակուրդ վերցնելը եւ իրենց ծրագրերի մասին միշտ ապառնի ժամանակով խոսելը: Եվ արդեն չենք զարմանա, եթե աշնանն էլ նրանք մեզ խոստանան գործողություններ սկսել հաջորդ գարնանը եւ այդպես շարունակ, մինչեւ արդեն գործողություններ սկսելու կարիք էլ այլեւս չի լինի: Իսկ ցանակացած չարած գործ, բնականաբար, պետք է լինի անշնորհակալ, արված գործերն են արդյունք տալիս:
«Ոչ ոք ոչ ոքի իրավունքը հենց այնպես իրեն չի նվիրում: Իրավունքը պետք է նվաճես, եւ նվաճելուն պետք է նպաստի կառավարությունը՝ իր հակակոռուպցիոն ծրագրերով, իր այն օրենսդրական նախաձեռնություններով»:
Կարեն Ճշմարիտյան 1in.am
Իհարկե, նախարարը տեսականորեն ճիշտ է ասում, բայց եթե խոսքը վերաբերվի այլ երկրին, եւ ոչ թե Հայաստանին, որտեղ իշխանությունը ոչ թե իրավունք չի տալիս, այլ եղածն էլ խլում է, որ քաղաքացիները նույնիսկ չկարողանան օգտվել իրենց հասանելիք իրավունքներից: Իսկ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն, ով այդ իշխանության անբաժան մասնիկն է միշտ եղել, շատ լավ գիտի, որ իր ասած այդ կառավարությունն իր նախագծերով նպաստում է ոչ թե մարդկանց իրավունքների նվաճմանը, այլ այդ իրավունքների ոտնահարմանը: Այնպես որ ճոռոմ խոսքեր ասելու տեղը լավ կլինի դրանք իրականացնել գործով:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ