ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընթացիկ տարում առաջին անգամ հրավիրած մամուլի ասուլիսին «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում հունիսի 23-ին Երեւանի Սարյան փողոցում ոստիկանների եւ ակտիվիստների բախմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանների գործողությունները համարել է համաչափ, պատասխանեց, որ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառումը կատարվում է օրենքի սահմաններում:
«Ֆիզիկական ուժը, հրազենի գործադրումը, դրանք սահմանված են օրենքով: Ոստիկանը տիրապետում է միջոցների գործադրման կարգին, պայմաններին, եւ մի շարք դեպքերում ոստիկանն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ: Մենք պետք է խոսենք ոչ թե կիրառման կամ չկիրառման մասին, այլ յուրաքանչյուր դեպքում պետք է խոսենք ոստիկանության գործադրած ֆիզիկական ուժի գործադրման համաչափության մասին»,- ասաց Գլխավոր դատախազը:
Վերջինիս խոսքով` Սարյան փողոցում տեղի ունեցածի վերաբերյալ տրված է համապատասխան ցուցում, եւ այն անձինք, ովքեր դիմել են կամ կդիմեն իրենց նկատմամբ բռնության մասին, դատախազությունը կզբաղվի այդ հարցով. «Կան մարդիկ, ովքեր արդեն ներկայացրել են հաղորդում, բայց պետք է իրավական գնահատական տրվի նաեւ ոստիկանի նկատմամբ բռնության մասին»:
Անդրադառնալով հայտնի օֆշորային սկանդալին՝ Գ.Կոստանյանը նշեց, որ գործը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, եւ փաստը, որ գործում ներառված անձանցից Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է, նոր թափ կհաղորդի գործի քննությանը:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ի լույս 25-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Նորավանք վանական համալիրի Նոր Աստվածածին եկեղեցում: Մեզ հասած տեղեկություններով՝ անհայտ անձը կամ անձինք գիշերը եկեղեցու պատուհանից մուտք են գործել եկեղեցու տարածք եւ հանգանակությունների արկղից գողացել մոտ 200.000 դրամ: Մեզ հասած տեղեկություններով՝ տարածքում հսկողություն իրականացնող անձանցից ոչ ոք չի նկատել անծանոթ մարդու: Միայն առավոտյան եկեղեցու բացված պատուհանից են աշխատակիցները հասկացել, որ եկեղեցու տարածք գիշերը մարդ է մտել: Դեպքի առնչությամբ իրավապահներն աշխատում են:
ՇԱՆԹԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
Շանթ Հարությունյանը ողջունում է օդամղիչ ատրճանակով ոստիկաններին կրակած Հայկ Կյուրեղյանի քայլը եւ նրան համարում իր մարտական ընկերը։ Այս մասին երեկ, Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Շանթ Հարությունյանը. «Հայկը ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք։ Ես մարտական զենքի օգտագործումը համարում եմ պրովոկացիա։ Իմ եւ իմ ընկերների ձեռքին այս պայքարում չի կարող լինել մարտական զենք։ Մենք տեսանք այդ զենքի կիրառման արդյունքն Ուկրաինայում»:
ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում հրազենային գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի գործով կձերբակալվի երկրորդ անձը:
Նշենք, որ զինվորի մահվան գործով ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով արդեն իսկ կա մեկ ձերբակալված՝ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանը: