Ո՞Վ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի չկանոնակարգված գործունեության հետեւանքով ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերությունը չէր աշխատում: Երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրել: Իսկ թե ով է դա փոխհատուցելու, դեռ հայտնի չէ: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի հետ:

Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի պնդմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Ալիշան»-ում իրականացվել էին տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել էին պայթյունավտանգ իրավիճակ եւ հանգեցրել էին գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի:
-Հաշվարկե՞լ եք, թե այս ընթացքում գործարանը որքան դրամական վնաս կրեց:
-Հիմա հաշվարկում ենք, այդ գործընթացի մեջ ենք: Բայց մենք նախորդ ամիսներին չենք աշխատել, ինչի պատճառով էլ ահռելի գումարների վնաս ենք կրել: Միայն ամեն ամիս վճարած աշխատավարձի չափը կազմում է 4 մլն դրամ: Իսկ դա ես իմ գրպանից եմ վճարել՝ առանց աշխատանք ու եկամուտ ունենալու:
-Ո՞ր պետական կառույցի միջոցով կարողացաք գործարանն աշխատեցնել:
-Տարբեր կառույցների նամակ էի գրել: Տեսա՝ արդյունք չկա, գնացի Էկոնոմիկայի նախարարություն: Այնտեղից եկան հանձնաժողով կազմեցին, ժողով արեցինք, փաստաթղթեր վերցրեցին: Նրանք ընդունեցին, որ մենք ճիշտ ենք, բայց վերջնական մենք չենք կարող «Գազպրոմ-Արմենիա»-ից գումար պահանջել, գանձել: Դրա համար էլ պետք է մտնենք դատարան:
-Դիմելո՞ւ եք դատարան:
-Մեր գործով ստեղծված հանձնաժողովի անդամներն ինձ համապատասխան գրություն են տվել, որ «Գազպրոմ-Արմենիա»-ն իսկապես խախտումներ է կատարել: Միեւնույն է, մենք պետք է դիմենք դատարան: Թե մեկ կամ երկու տարի կտեւի այդ ողջ գործընթացը՝ տեղյակ չեմ, բայց դիմելու ենք դատարան:
-Իսկ այս ընթացքում «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ից որեւէ մեկը հանդիպե՞լ է Ձեզ հետ, փորձե՞լ է Ձեզ հետ բանակցել:
-Ոչ մեկ չի եկել: «Գազպրոմ-Արմենիա»-ի պահանջած ավելորդ գումարն էլ վճարեցինք եւ 15 օր առաջ եկան միացրեցին գազը: Այսպես էլ աշխատում ենք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս