ՄԵՐ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ողջ օրվա ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները մեկիկ-մեկիկ պարզաբանումներ էին ներկայացնում իշխանական լրատվամիջոցներում, թե ինչու հարց չեն տվել Ստրասբուրգում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

Իհարկե, դիվանագիտական նրբություններ կան, որոնք պահպանելն անհրաժեշտություն է: Բայց երբ սեփական անկարողությունն ու անկազմակերպվածությունն է մատուցվում որպես դիվանագիտական տրյուկ, մեղմ ասած, ծիծաղելի է:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ստրասբուրգյան վեհաժողովի ժամանակ: Եվ որպեսզի ամեն ինչ պարզ լինի, նախ՝ նկարագրենք իրողությունն այն մասին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակները Ստրասբուրգ են մեկնում միմյանցից բամբասելով: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով Հայաստանում հպարտանում է «թուրք գյուլլած» իր կերպարով, ամենեւին հիացած չէ պատվիրակության մյուս՝ հատկապես երիտասարդ պատգամավորների աշխատանքով եւ առիթը բաց չի թողնում՝ նրանց կուլիսային քննադատության ենթարկելու: Մյուս ՀՀԿ-ականները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանն էլ ձգտում են կատարյալ երեւալ՝ միմյանց աշխատանքը ջուրը գցելով եւ միմյանց անտեղյակության մեջ մեղադրելով: Դե իսկ ոչ իշխանական կուսակցությունների պատգամավորները (ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյան, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյան) իրենց պատվից ցածր են համարում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հ. Նաղդալյանին ենթարկվելը կամ համագործակցված աշխատելը: Արդյունքում մենք այսօր ունենք Հայաստանի խորհրդարանական դիվանագետների պառակտված մի խումբ, որն ի վիճակի չէ մեր հարեւան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանի նախագահին ադեկվատ հակադարձել ու ակտիվորեն պատասխանել նրա տխմարություններին, ինչպես, օրինակ, արեցին Թեւան Պողոսյանն ու Կորյուն Նահապետյանը՝ Բաքվում՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ:
Իհարկե, ԵԽԽՎ պատվիրակներն ունեն ընդամենը 30 վայրկյան՝ հարց ձեւակերպելու համար եւ ռեպլիկի իրավունք: Ու հենց այդ պատճառով էլ հայ պատգամավորները որեւէ հարց չեն տվել Ալիեւին: Փոխարենը Ալիեւը սրտի ուզածն ասել է Հայաստանի, ՀՀ իշխանությունների մասին, սակայն հայերը «ձկան լռությամբ» ընդամենը լսեցին այն:
Հիշեցնենք, որ երբ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգ էր մեկնել, այդ ժամանակ նրան հարցեր տվեց ադրբեջանական պատվիրակության ղեկավարը: Իսկ մեր դեպքում Հերմինե Նաղդալյանը հարկ չհամարեց Ալիեւի հետ «լեզու թրջել»: Մինչդեռ կարող էր խելամիտ ու ծուղակային մի հարց ձեւակերպել՝ անհարմար դրության մեջ դնելով ադրբեջանական կլանային համակարգի ղեկավարին:
Ու եթե այս լռությունն ինչ-որ տեղ հասկանալի էր իշխանական պատվիրակների դեպքում, քանի որ հակառակ ցանկացած քայլ կարող էր դիտվել իբրեւ ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականություն, ապա ոչ իշխանական ուժերի դեպքում, մեղմ ասած, տարօրինակ էր:
Օրինակ՝ ԵԽԽՎ նախորդ նիստերին ակտիվ հակաադրբեջանական քարոզչություն էր իրականացնում ԲՀԿ-ից Նաիրա Զոհարաբանը՝ նույնիսկ ինչ-որ բուկլետներ ու գրքեր բաժանելով: Ի՞նչն էր խանգարում նրան այդպիսի մի ակցիա իրականացնել հենց Ալիեւի ներկայությամբ, որպեսզի եվրոպացի պատվիրակները հասկանային, որ Ադրբեջանի նախագահի ասածներն օդում թողած պղպջակի էֆեկտ էլ չունեն: Բայց նա լռեց:
Նույնպիսի անտարբերություն դրսեւորեց նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նա, որ իր ողջ էներգիան ու գիտելիքները չի խնայում Սերժ Սարգսյանին քննադատելու համար, տարօրինակ համեստություն դրսեւորեց Ալիեւի նկատմամբ: Մինչդեռ Զուրաբյանը կարող էր ամենաանկանխատեսելի քայլերն անել Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ գոնե նրա կողմից տարածված ստերը կանխելու: Նա էլ ձեռքերը ծալած նստեց:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառը մեր պառակտվածությունն է: Երկրի ներսում առկա կենցաղային խնդիրների քննարկման ժամանակ բոլոր ուժերն ու գործիչները դառնում են ընդգծված հայրենասեր ու մտահոգ: Պատճառը, թերեւս, այն է, որ նրանց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե մեր երկրի արտաքին իմիջը, պատուհասած իրական վտանգներից ազատվելու քայլերը, այլ՝ իշխանական տաքուկ աթոռները: Այլապես արտաքին թշնամու դեմ մղված նրանց պայքարը պետք է առավել անողոք լիներ, քան գործող իշխանությունների դեմ: Ի վերջո, բոլորս էլ նույն ազգի ներկայացուցիչներն ենք եւ ունենք ընդհանուր ազգային շահ, որը գերակա է ամեն ինչի նկատմամբ:
Հ.Գ. Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին հասցրեց այնպիսի իրավիճակ ստեղծել երկրում, որ համատարած անհասկացվածություն ու նաեւ ատելության էլեմենտներ են նկատվում իշխանության ցանկացած օղակի նկատմամբ: Սրա պատճառն էլ, թերեւս, այն է, որ Սարգսյանը իշխանական արքունիքը շփոթեց սեփական բոստանի հետ՝ դրանից բխող ամենավատ դրսեւորումներով:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս