Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ կազմակերպել էր հերթական հանդիպում-քննարկումը՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հիմնականում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները:
«Մեր այսօրվա հանդիպման նպատակն է տնտեսվարողների հետ միասին քննարկել եւ տեսնել, թե մրցակցության ոլորտում ինչպիսի խնդիրներ կան եւ ինչպես կարող ենք դրանք լուծել: Այն խնդիրները, որոնք գտնվում են մեր Հանձնաժողովի, կառույցի իրավասության շրջանակներում, մենք մեր ռեսուրսները, կարողությունները կներդնենք այդ խնդիրները լուծելու նպատակով: Իսկ այն խնդիրները, որոնք մեր իրավասության շրջանակներից դուրս են գտնվում, մենք խոստանում ենք, որ այս ուղղությամբ եւս կլինենք հետեւողական եւ մեր համապատասխան առաջարկություններով դրանք կուղարկենք շահագրգիռ պետական մարմիններին»,-հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանդիպում-քննարկմանը ներկա ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարեց, որ տեւական ժամանակ է, ինչ ակտիվ համագործակցում են Հանձնաժողովի հետ. «Մեր նպատակները նույնն են՝ կարգավորել այս վիճակը: Վերջին ամիսներին համոզվեցինք, որ հատկապես հումքի ներկրման, գովազդային գործընթացների հետ կապված կամ տարբեր այլ մարմինների կողմից ոչ արդարացի, ոչ պրոֆեսիոնալ ստուգումների, վերաբերմունքի արդյունքում ստեղծվում է անհավասար մրցակցություն»:
Նշենք, որ հանդիպում-քննարկմանը ներկա գործարարները հիմնականում դժգոհեցին պետական տուրքից, մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկերից: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը գործարարներին վստահեցրեց, որ կփորձեն բարձրացված հարցերին լուծումներ գտնել: «Մենք ցանկանում ենք նաեւ, որ տնտեսվարողներն ուղղորդեն մեր աշխատանքները եւ մեզ ցույց տան այն ուղղությունները, այն ոլորտները, որոնք առավել խնդրահարույց են: Բացի այդ, մենք ցանկանում ենք այսպիսի հանդիպումների միջոցով բարձրացնել տնտեսվարողների վստահությունը մեր կառույցի, մեր կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ»,-նշեց Շաբոյանը:
Այնուհետեւ լրագրողների հարցին, արդյոք Հանձնաժողովի նախագահը փոփոխություններ տեսնո՞ւմ է համապատասխան ստուգումներից, ուսումնասիրություններից հետո, Շաբոյանը պատասխանեց. «Մենք տարբեր ոլորտային ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ պարբերաբար նման հանդիպումներ ենք կազմակերպում: Այն բոլոր խնդիրները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի շրջանակներում, բնականաբար հետեւողական կլինենք եւ կլուծենք դրանք: Մեր փորձը ցույց է տալիս, որ լինում են նաեւ խնդիրներ, որոնք անդրադառնում են մրցակցության վրա, առաջացնում են մրցակցային անհավասար պայմաններ, սակայն դրանք գտնվում են Հանձնաժողովի իրավասություններից դուրս: Մեր իրավասության տակ կարող են հայտնվել սուպերմարկետների մանրածախ առեւտրի ոլորտի հետ կապված խնդիրները: Մասնավորապես, այստեղ հարց բարձրացվեց, որ մանրածախ առեւտրի ոլորտում տարբերակված մոտեցում է դրսեւորվում մատակարար ընկերությունների նկատմամբ: Այսինքն՝ ապրանքները վաճառվում են, սակայն դրանց վճարումները ուշացվում են: Եթե խոսքը վերաբերում է բոլոր խանութներին, սա, բնականաբար, խանութների բիզնես գործելաոճի շրջանակներում կարող է դիտարկվել: Սակայն այս ոլորտում կա կենտրոնացվածություն, կան գերիշխող դիրքի տնտեսվարողներ: Եթե խնդիրը վերաբերվի գերիշխող դիրք ունեցողներին, սուպերմարկետներին, միգուցե այսպիսի երեւույթները համարվեն չարաշահումներ»:
Ա. Շաբոյանը նաեւ նշեց, որ հաշվի առնելով այն, որ բավականին շատ են այս ոլորտի հետ կապված հարցադրումները, Հանձնաժողովը սկսելու է հատուկ ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում:
Իսկ դիտարկմանը, թե հանդիպմանը ներկա գործարարների մեծ մասի բարձրացրած հարցերը գտնվում են Ֆինանսների նախարարության լիազորությունների տիրույթում եւ պարզ չէ, թե այս դեպքում ինչպե՞ս է վարվելու Հանձնաժողովը` Ա. Շաբոյանը պատասխանեց. «Այս ուղղությամբ մենք եւս կլինենք հետեւողական եւ այդ բոլոր խնդիրները մեր համապատասխան առաջարկություններով կուղարկենք մյուս շահագրգիռ պետական մարմիններին: Մենք կբարձրաձայնենք այդ խնդիրները եւ համապատասխան աշխատանքներ կիրականացնենք մեր գործընկերների հետ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ