Մեր տեղեկություններով` այսօր ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Էջմիածնի իրեն պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիրում այսօր մեծ հավաքույթ է կազմակերպել` իր համակիրներին «պատիվ տալու» համար: Ներկա են լինելու 300-400 հրավիրյալներ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակով է նման միջոցառում կազմակերպել, եւ ովքեր են ներկա լինելու:
-Դա անձնական հավաք ա, ուղղակի խնջույք է լինելու, այո՛, մեր ռեստորանում ա լինելու: Բայց դա քաղաքական բնույթի չի, ի՞նչ կապ ունի քաղաքականը… Դա անձնական ա, մարդիկ իրանց ընտանիքներով գալիս են քեֆ անեն: Հայտնի դեմք չկա, քաղաքական հարցի շուրջ չենք խոսելու, տենց բան չկա, բարեկամներով ենք անելու: Ուզում եք ինչ-որ բան գրեք, գնացե՛ք մարզպետարան, տեսե՛ք` ինչ ա կատարվում, զբաղվում են քաղաքականությամբ: Իսկ հիմա քաղաքական քարոզարշավը չի սկսվել, որ դրա համար հավաքվենք: Էնտեղ ներկա կլինեն իմ կողմնակիցները, ՀՀ քաղաքացիներ, զուտ մեր շրջանի բնակիչներ:
-Իսկ ի՞նչն է այդ հավաքի նպատակը, Ձեր կողմնակիցներին «պատի՞վ» եք տալիս:
-Նպատակ չկա, չէ՛, մեզ են պատիվ տալիս, ինչի՞, Դուք մտածում եք, որ մենակ մե՞նք եք պատիվ տալիս: Չէ՛:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր թեկնածությունն առաջադրելու հարցում ՀՀԿ-ի հետ համաձայնության եկե՞լ եք: Ի՞նչ հույսեր ունեք, ովքե՞ր են Ձեզ սատարելու:
-Սահմանադրությամբ տենց բան չկա, որ որեւէ կուսակցությանը մեծամասնականի համար տեղեկություն տաս: Ես ՀՀԿ-ին տեղյակ եմ պահել, որ իմ թեկնածությունն առաջադրելու եմ: Իմ ընտրատարածքում բնակվող ժողովուրդն է ինձ սատարելու: Հիմա չենք դնի գլուխ գովանք, ընտրություններից հետո նոր կխոսենք: Ավելի լավ կլիներ նաեւ էդ Ձեր հարցերն ուղղեիք ժողովրդին, տեսնեիք` ինչ են ասում, կլինեն մարդիկ` կսիրեն, կլինեն` չեն սիրի: Իմ ժողովուրդը կոնկրետ առաջադրանք է դրել իմ վրա եւ ինձ տեսնում է Ազգային Ժողովի թեկնածու, թողենք թող ժողովուրդը որոշի:
-Ինչի՞ց հետո հասկացաք, որ ժողովուրդն ուզում է, որպեսզի Դուք նորից պատգամավոր դառնաք:
-Ես երկու ամիս առաջ սկսեցի հանդիպել ժողովրդի հետ, տարբեր կազմակերպությունների, անհատների, մոտավորապես 1400 մարդու հետ եմ հանդիպել: Մասնավոր զրույցների ընթացքում ես հասկացա, որ ունեմ ինձ աջակցող խումբ, թե հետագայում էդ խումբն ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց այդ խմբի հանդիպումներից հետո ես ավելի ոգեւորվեցի եւ իմ թեկնածությունն առաջադրելու եմ:
-Ձեզ հաճախ կարելի է տեսնել տարբեր կուսակցությունների շարքերում, Ձեր որդին էլ ՕԵԿ-ական էր, հնարավո՞ր է` շուտով Ձեզ այդ կուսակցությունում տեսնենք: Ի վերջո, Դուք ո՞ր կուսակցությանն եք հարում:
-Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ես մեծամասնականով իմ թեկնածությունն եմ առաջադրելու: Այսօրվա վիճակով ՀՀԿ-ի կողմն եմ, մեր քաղաքական հանդիպումների ժամանակ հստակ կերեւա, թե ես ում կողմն եմ, ում կողմը չեմ: Հիմա ՀՀԿ-ի կողմն եմ:
-Ձեր մրցակիցը լինելու է Սեյրան Սարոյանը, տեղյա՞կ եք` արդյոք նա արդեն մարզում քարոզչությունը սկսել է:
-Գիտեք ինչ, ես չեմ ցանկանում իմ մրցակիցների մասին խոսել, բամբասել, չեմ ուզում ո՛չ լավը խոսել եւ ո՛չ էլ վատը: Յուրաքանչյուրս մեր թիմով գնում ենք ընտրությունների, թող ժողովուրդը որոշի, թե ում է ընտրելու: Հիմա վատ բան ասեմ կամ ասեմ` շուտ ա սկսել, ուշ ա սկսել… Քաղաքականությունը աշխարհի վերջը չի, մենք պետք է մի քիչ քաղաքակրթված ձեւով գնանք ընտրությունների` մեկս մեկին հարգելով:
-Ի՞նչ հարաբերություններ ունեք ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի եւ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ: Նրանք Ձեզ աջակցո՞ւմ են:
-Ես չգիտեմ. երբ իմ ծրագրերը կներկայացնեմ, կկարդամ, եթե հետաքրքրություն առաջանա` կտեսնի, կվստահի, կաջակցի, եթե տեսնի, որ իմ ծրագրերը շատ վատն են, եւ ես չեմ կարող կյանքի կոչել, բնականաբար չի աջակցի: Իսկ ես հիմա կոնկրետ ծրագիր չունեմ: Ես շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ, շատ սովորական հարաբերություններ են, ոչ մի վատ բան չկա, պարզապես մենք քաղաքական տարբեր հայացքներ ունենք, ոչ մեկս ոչ մեկին չի կարող դրա համար մեղադրել, թե ինչու իրար նման չենք մտածում, ուղղակի կարանք իրար հետ ճամփա չգնանք:
-Մեզ հետ զրույցում նշել էիք, որ ԱԺ ընտրություններում պայքարելու եք, եւ եթե անգամ պետք լինի կրակել` կկրակեք: Ա՞յժմ էլ եք այդ կարծիքին:
-Մի քիչ չափազանցնում եք, ես ասել եմ` մարդն իր նպատակին հասնելու համար կարող է շատ-շատ բաներ անտեսել, մարդը պետք է սկզբունքային լինի: Դա կոպիտ ա հնչում` կրակել կամ չկրակել, մենք թույլ չենք տա, որ մեզ վրա կրակեն եւ ոչ էլ մենք ենք պատրաստ որեւիցե մեկի վրա կրակել, պարզապես նշել եմ, որ կպայքարենք` փոխաբերական իմաստով կարելի է ասել:
-Որոշում կայացվեց, որ Արմավիրի մարզում` թիվ 21 ընտրատարածքում, գործող պատգամավորները` ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը կամ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը` Նովոն, չեն առաջադրվի: Փոխարենը առաջադրվելու է Ալիկ Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը…
-Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ` թույլ ա Ալիկը, ինքը էդքան ժողովրդի հետ շփման մեջ չի մտել տարիների ընթացքում: Իմ համար ավելի շատ առաջին տեղում Գեւորգյանն էր, հետո Ռուստամը Գասպարյան, նոր Ալիկը: Կարծում եմ` սխալ ընտրություն ա կատարվել, որ մեծամասնականով դրել են Ալիկի վրա:
ՃՈՅՏԸ ՊԱՏԻՎ Է ՏԱԼԻՍ ԻՐ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ