Թիվ 11 ընտրատարածքում բավականին թեժ պայքար է սպասվում: Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ այդ տարածքի քվոտան «տրվել է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, բայց այնտեղ իրենց թեկնածությունն են առաջադրելու նաեւ ԱԺ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելիաջիոյի Գրիշ), «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն: Դե իսկ Հարություն Ղարագյոզյանի` Կարամելի Հարութի մասին շատ է խոսվել:
11 ընտրատարածքի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց Գրիգորի Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, արդեն հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը պետք է առաջադրվի թիվ 11 ընտրատարածքում: Նաեւ խոսվում է Էդուարդ Մադաթյանի թեկնածության մաիսն, Դուք ե՞ւս պատրաստվում եք առաջադրվել:
-Ես ողջունում եմ բոլոր հնարավոր թեկնածուներին, որ կառաջադրվեն թիվ 11 ընտրատարածքում, բայց դա որեւէ ձեւ չի կարող ազդել իմ կայացրած որոշման վրա: Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Իսկ ձեր նշած անձանց հետ բավականին լավ հարաբերություններ ունեմ:
-Հնարավո՞ր է, որ հանուն հաղթանակի` դառնաք ԲՀԿ անդամ:
-Ո՛չ, բացառվում է: Ես 2007-ին առաջադրվել եմ որպես անկուսակցական թեկնածու` քաղաքացիական նախաձեռնությամբ, եւ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: Հիմա էլի նույն ձեւով եմ առաջադրվելու` որպես անկուսակցական թեկնածու:
-Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն Ձեզ կսատարի՞:
-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ: Եթե որոշեն նման բան անել, հայտարարեն այդ մասին, ես կողջունեմ այդ որոշումը:
-Իսկ ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կցուցաբերի Ձեր թեկնածության նկատմամբ: Տեղեկություն ունե՞ք, կպաշտպանի՞ Ձեզ:
-Կարծում եմ` կպաշտպանեն, երկուսն էլ մեր կոալիցիոն գործընկերներն են:
-Այնուամենայնիվ, անհասկանալի իրավիճակ է թիվ 11 ընտրատարածքում: Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ ընտրատարածքը տրվել է ԲՀԿ-ին, իսկ Դուք, լինելով ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ, պնդում եք, որ առաջադրվելու եք որպես անկուսակցական, ու չի բացառվում, որ ՀՀԿ-ն սատարի Ձեզ:
-Ես ծնվել, մեծացել եմ այդ շրջանում եւ 48 տարի բնակվում եմ այդ տարածքում: Երկու անգամ պատգամավոր եմ դարձել հենց այդ ընտրատարածքից: Եւ նորից դնելու եմ թեկնածությունս:
-Հիմա այդ ընտրատարածքը ՀՀԿ-ի՞նն է, թե՞ ԲՀԿ-ինը:
-Հիշեցնեմ, որ 41 ընտրատարածքները որեւէ կուսակցությանը չեն, դրանք ժողովրդինն են: Կուսակցությունները թող իրենց հաշվարկներն անեն համամասնական ընտրակարգի դեպքում:
-Իսկ կհաղթե՞ք, ի՞նչ եք կարծում:
-Բնականաբար, առաջադրվում եմ հենց հաղթելու համար:
-Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն Ձեր տեղը հանձնեց ԲՀԿ-ին:
-Ես ասացի, որ մեծամասնական ընտրակարգով հատկացված տեղերը ժողովրդինն են: Իմ ընտրողները կորոշեն: Ցտեսություն:
ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՈՐՊԵՍ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ