Հայ ազգային կոնգրեսը երեկ Ազատության հրապարակում ազդարարեց քաղաքական ակտիվ գործողությունների մեկնարկը: Ելույթներն էլ հիմնականում նվիրված էին օրվա խորհրդին՝ մարտի 1-ի ոճրագործության տարելիցին, ինչպես նաեւ առաջիկա ԱԺ ընտրություններին, որոնք ընդդիմությունը բնորոշեց նախագահական ընտրությունների առաջին փուլ:
Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի զոհերի հիշատակն առաջարկեց հարգել նրանց ծափահարելով` մեկ առ մեկ հնչեցնելով նրանց անունները: Ըստ նրա՝ մարտի 1-ին բարիկադների վրա է ծնվել սեփական իրավունքների եւ արժանապատվության համար պայքարող քաղաքացին: Փաշինյանի կարծիքով` առաջիկայում հարկավոր է ստեղծել այնպիսի քաղաքական, բարոյական իրավիճակ, որ պատասխանատվության ենթարկվեն մարտի 1-ի մեղավորները, եւ հնչեցրեց այդ անուններն ու նրանց վերագրվելիք մեղադրանքները. մարտի 1-ին անզեն ցուցարարների վրա կրակելու հրաման տալու, այդպես՝ սպանություններ իրականացնելու, պետական հեղաշրջում կազմակերպելու, իշխանությունը զավթելու, մարտի 1-ի դեպքերը կոծկելու եւ այլ դրվագներով պատասխանատվության պետք է ենթարկվեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Հայկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Գորիկ Հակոբյանը, Վովա Գասպարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Անդրանիկ Միրզոյանը, Վահագն Հարությունյանը: «Սա վրեժի եւ քաղաքական նպատակահարմարության դրսեւորում չէ։ ՀՀ քաղաքացու արյունը սակարկման ենթակա չէ։ Ինչպես կանգնել, այնպես էլ կանգնելու եմ Ռոբիկի, Սերժիկի ավտոմատների առաջ։ Կա՛մ մենք Հայաստանը կմաքրենք քոչարյանասերժական աղբից, կա՛մ քոչարյանասերժական աղբը Հայաստանը կմաքրի հայաստանցիներից»,-ասաց Փաշինյանը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը խոստացավ այսուհետ հանրահավաքները դարձնել ավելի հաճախակի: Ըստ նրա՝ առաջիկայում ոչ թե խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, այլ՝ նախագահական, ընդ որում, մայիսի 6-ն այդ ընտրությունների առաջին փուլն է: «Մենք չենք գնում խորհրդարան` մանդատ վերցնելու, մենք գնում ենք մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Ես մանդատ չեմ ուզում, ես ուզում եմ մի մանդատ ժողովրդի համար՝ նախագահի մանդատը»,-ասաց նա: Մանուկյանն այս համատեքստում հիշատակեց Հրազդանի ընտրությունները՝ ասելով, որ իշխանությունները նպատակաուղղված են երկիրը հասցրել նման աղքատության ու արտագաղթի, միայն թե իշխանությունը պահեն իրենց ձեռքում: «Որքան գները բարձրանում են Հայաստանում, աղքատությունը բարձրանում է, որքան աղքատությունը շատանում է, ժողովրդի խեղճությունն ու արտագաղթն է մեծանում, որքան արտագաղթն է մեծանում, ինվեստիցիաններն են շատանում, լափելու տոկոսն է բարձրանում, կաշառքի վիճակն է մեծանում»,-մեխանիզմը ներկայացրեց նա ու ասաց, որ այդ պատճառով են մարդիկ ընտրություններին գնում այդ 5000 դրամների ետեւից:
Լեւոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե երբեք իշխանություններն ընտրությունների նախաշեմին այդքան անմխիթար վիճակում չեն եղել, որքան այսօր: Նա ՀԱԿ-ի համար նվեր որակեց Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ցուցակը գլխավորելը: «Նպատակն այն է, որ գոտեպնդեն բարոյազրկված սեփական թիմին, որ նախագահական իշխանությունը կանգնած է իրենց թիկունքին, եւ որ նա դիտարկում է այս ընտրությունները որպես իր նախագահական ընտրության երկարացման գործիք»,-նշեց նա: Զուրաբյանի խոսքերով` ազատ եւ արդար ընտրությունների շուրջ արդեն սկսվել է համախմբում եւ համագործակցություն. «ՀԱԿ-ը պատրաստ է այնքան խորացնել այդ համագործակցությունը, որ չեզոքացնենք գլխավոր ընտրագողին` Հանրապետական կուսակցությանը»:
ՀՀ նախկին վաչապետ Հրանտ Բագրատյանն էլ մանրամասն անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին: Նրա խոսքերով` տնտեսությունը հասել է մի վիճակի, երբ ժողովուրդը տնօրինում է փողի ընդամենը քսան տոկոսը. «Մոնոպոլիան այն աստիճանի են հասցրել, որ իրենք էլ են տուժում, քանի որ իրենց արտադրածը ժողովուրդը փող չունի, որ առնի»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս առաջիկա ԱԺ ընտրությունները որակեց նախագահական: «ՀՀԿ-ն էլ չի թաքցնում. արդեն 2 տարի է` Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերներին ղազագիր է ստորագրել տալիս, որ իրեն ընտրեն»,-նշեց նա: Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելուն, ապա Ա.Սարգսյանը հեգնեց. «Սերժ Սարգսյանը չի թերագնահատում մեզ եւ մտածում է` պարտվելու դեպքում գոնե պատգամավոր մնա»:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով` «շարունակաբար կեղծվող ընտրությունները, իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքն ի վերջո հանգեցրին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին»: Ըստ նրա` թեեւ ժողովուրդն իշխանությունների փոփոխության հույսը կապել է նախագահական ընտրությունների հետ, սակայն չի կարելի անտեսել նաեւ ԱԺ ընտրությունները. «Ընտրությունները բոյկոտելը ճիշտ ճանապարհ չէ: Այլ պետք է մոբիլիզացնել մեր ուժերն ու հաղթել»:
Երեկվա հանրահավաքն ավարտվեց մայրաքաղաքի կենտրոնում մեծ երթով. Մյասնիկյանի արձանի մոտ երթի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին` ի հարգանք մարտի 1 զոհերի հիշատակի: Շատ տղամարդկանց աչքերին արցունքներ էին երեւում:
Հ.Գ. Երեկ դարձյալ Հայաստանի շատ մարզերից մայրաքաղաք տանող մուտքերը փակ էին: Խաթարված էր նաեւ երթեւեկությունը. տրանսպորտային միջոցները պարզապես չէին աշխատում:
ՄԱՅԻՍԻ 6-Ը՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ