ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազությունը փոխել է «Արմենպրես» գործակալության նախկին  տնօրեն  Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, եւ նա ազատ է արձակվել: Լրագրողը  մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի` 184.224.060 ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նշենք, որ նախօրեին ՀՀ  երեք տասնյակ լրատվամիջոցներ, այդ թվում եւ «Ժողովուրդ» օրաթերթը, դիմել էին գլխավոր դատախազությանը` կոչ անելով փոխել Հակոբյանի խափանման միջոցը:

ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ ՉԷ՞
ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելու որոշում է ընդունել ոչ թե ԱԺ-ում տեղ ունենալու համար, այլ գաղափարական հիմունքներով: «Անկախ նրանից` մենք որեւէ ֆորմատով ՀՀԿ-ի հետ կմասնակցենք ընտրություններին, թե ոչ, մեր համագործակցությունը չի դադարելու, եւ դա կուսակցության ցուցակում ընդգրկվելու նպատակ չունի»,-հավաստիացրել է Հարությունյանը:

ԲՀԿ-Ն ԿՈՒԼ ՏՎԵՑ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի միավորումը ԲՀԿ-ին գնահատում է իբրեւ մի կուսակցության կողմից մյուսին կուլ տալ: «Փորձը ցույց է տալիս, որ այս միավորումները երկար կյանքն չեն ունենում: Այս դեպքում ՄԱԿ-ի առաջնորդն ուղղակի տեղ ստացավ «Բարգավաճ»-ում»,-ասել է Արզումանյանը:

ԽԱՌԸ ԻՐԱՎԻՃԱԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկություններով` մարտի 1-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը ներքին հրահանգ է տրվել` «հաշվի առնելով խառը իրավիճակը»` լինել առավել զգոն: Այդ կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը` խնդրելով պարզաբանել, թե  ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը», ում կողմից եւ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ, եւ ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը:

ԱԱԽ ՆԻՍՏ՝ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագիծը եւ ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը:

ՄԻԱՅՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ
Գյուղատնտեսական արտադրանքի մակնշման «բիո», «էկո» եւ այլ անուններ կօգտագործվեն միայն օրգանական, մաքուր արտադրանքի դեպքում: Այս պահանջը սահմանվել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծով, որն այսօր ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:




Լրահոս