Ներկայացվել են Երևանի շրջանցիկ նոր ճանապարհի՝ Տրանշ 2-ի հնարավոր ծրագծի տարբերակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` Տրանշ 2-ի` Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի և Դավթաշենի խճուղի-Աշտարակի խճուղի շրջանցիկ նոր ճանապարհների հնարավոր ծրագծի տարբերակները: Ուսումնասիրությունն ու նախագծումն իրականացվել է ֆրանսիական նախագծային «Egis international» ընկերության կողմից:

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի, «Երևաննախագիծ»-ի ներկայացուցիչները: «Egis international» ընկերության երկայացուցիչ, նախագծման թիմի ղեկավար Պիեռ Մորիսը, հատվածաբար ներկայացնելով առաջարկվող լուծումները, ընդգծել է, որ տարբերակներում ներառվել է նաև Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցման հեռանկարային տարբերակները:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքում կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտությունը, կարևորել է շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը և հատկանշել, որ ներկայացված առաջարկներից պետք է ընտրվի տնտեսապես առավել արդյունավետ և մասնագետների կողմից ընդունելի տարբերակը: «Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում այս քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ով արդեն իսկ մեկնարկել է Արգավանդի մայրուղի-Շիրակի փողոց նոր ավտոճանապարհի շինարարությունը:

Ծրագրի 2-րդ հատվածի ծրագծի վերջնական տարբերակն ընտրելու նպատակով պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի հետագայում քննարկենք արդեն ծրագրի իրագործման հնարավորությունները»,-նշել է Վահե Նիկոյանը: Հանդիպման ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու մոտեցումները՝ առաջարկվող տարբերակների շուրջ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ և առաջիկայում նախատեսված հերթական հանդիպմանը քննարկել դրանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս