«ԳԱՅԻՇՆԻԿՆԵՐԻ» ՀԵՏԵՎՈՒՄ ԳԵՆԵՐԱ՞Լ Է ԿԱՆԳՆԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Հրաչյա Գրիգորյանը պատմեց, որ չորեքշաբթի օրը` ժամը 15:45-ի սահմաններում, Երեւանի «Տեցի կրուգ» կոչվող տարածքում իր մեքենան կանգնեցրել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը եւ   տեղեկացրել, որ ամրագոտին չկապելու համար իրեն տուգանում է: Հրաչյան ոստիկանին հայտնել է, որ ինքն ամրագոտին կապել է, իսկ ոստիկանը հակադարձել է, թե իր «վրա դրված ա», ու ինքը պիտի անպայման «5000-դրամանոց» տուգանք գրի: Վերջինս տուգանքը գրելուց հետո քաղաքացու փաստաթղթերը շպրտել է գետնին ու հեռացել:
Ներկայացնենք Հրաչյա Գրիգորյանի պատմածը. «Ես նորմալ, մեքենայով գնում էի, ո՛չ արագությունն եմ գերազանցել, ո՛չ էլ խախտում եմ արել: Իմ մեքենան «Ջիպ» ա,   ապրանք էի բարձել, եւ հնարավոր չէր հեռվից տեսնել` ես ամրագոտի կապել եմ, թե չէ: Մեկ էլ դալնի-բլիժնիով ոստիկանը մեքենաս կանգնացրեց, ես էլ էդ պահին եղել եմ Տեցի ու «Նաիրիտ»-ի կրուգի վրա: Ուզեց փաստաթղթերը, ես էլ տվեցի, ստուգեց ԱՊՊԱ-ն, տեխզննման կտրոնը, տեսավ` ամեն ինչ նորմալ ա, ասաց՝ տուգանք պիտի գրեմ»: Մեր զրուցակցի խոսքերով, երբ ինքը ոստիկանին հարցրել է, թե ինչի համար է տուգանում, եթե ամեն ինչ նորմալ է, վերջինս պատասխանել է. «Վրեքներս դրած ա, մեկ ա պիտի գրեմ…»:
«Հարցը 5 հազար դրամը չի, բայց իմ մեքենայի մեջ մարդիկ են եղել ու տեսել են, որ ամրագոտին կապած ա եղել: Ուրեմն ինքը` ոստիկանը, կատարելով մի քանի սխալ, դրեց ինձ տուգանեց: Նախ` ինքը էդ լույսի միգալկեքը չէր միացրել, հետո` կողքի նապարնիկը չկար, ոստիկանության պետի հրամանն ա, որ նապարնիկով պիտի լինեն, երրորդն էլ ասեմ, որ չի ներկայացել: Ակտը գրելուց վերջացնելուց հետո ասեցի` տվե՛ք ստորագրեմ, որ ես Ձեր տուգանքի հետ համամիտ չեմ, մեկ էլ ինձ ասում ա` էսի քո համար նկարչական տետր չի, որ մեջը բան գրես, կտանես կմուծես»:
Այնուհետեւ, երբ Հրաչյան փորձել է բացատրել, որ իրականում իր ամրագոտին կապված է եղել, եւ իրեն չպետք է տուգանեին, ոստիկանն ասել է, թե վերջ, կտանես կմուծես, իսկ եթե դու էլ չմուծես, բարեկամդ կմուծի: Հրաչյայի պատմելով` ավտոտեսուչը գնալուց առաջ նետել է, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արդեն հայտարարել է, որ ոստիկանը միշտ ճիշտ է լինում,  եւ սա էլ այդ դեպքերից մեկն է: «Հետո շպրտեց փաստաթղթերն ու գնաց: Ես վստահ կարող եմ ասել, որ ես չեմ լռելու, գնացել եմ ոստիկանապետին էլ եմ բողոք գրել, ոչ թե տուգանքի համար, այլ նրա համար, որ նման տիպի մարդիկ ոստիկանապետի անունից են բաներ ասում ու տենց լկտի ձեւով են իրենց պահում: Ես կրկնում եմ` ես էդ 5 հազար դրամի համար չեմ նեղվել, այլ իրա էդ անշնորհք պահվածքից»,-վրդովված ասաց մեր զրուցակիցը:
Քաղաքացի Հրաչյա Գրիգորյանը նշեց, որ ոստիկանը, իր համազգեստը չհարգելով, ստիպում է, որպեսզի քաղաքացիներն իրեն հարգեն. «Ուղղակի իսկապես վիրավորական է, օրինակ` ես իրան ասում եմ` գոնե մի հատ ներկայացի, ասում ա` ես պարտավոր չեմ քեզ ներկայանամ: Մենակ նկատեցի, որ ավագ-լեյտենանտ էր: Մարդիկ են եղել ինձ հետ ու տեսել են, թե էդ ավտոտեսուչն իրեն ինչ լկտի ձեւով էր պահում»:
Նա նաեւ ասաց, որ իր նպատակն ընդամենն այն է, որ ավտոտեսուչները հարգեն քաղաքացիներին եւ իրենց նման կերպ չպահեն: Հրաչյան հստակ որոշել է` բոլոր գերատեսչություններին բողոքելու է. «Ավտոտեսուչն ասում ա ինձ, թե ամեն մեկիս հետեւում մի գեներալ ա կանգնած, պատկերացնում եք… ես հիմա կգնամ նախագահի վերահսկողություն, հետո էլի նախարարի մոտ կգնամ, դիմում-բողոք եմ գրել, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի էս իրավիճակն այլեւս չկրկնվի»: Բարեբախտաբար, Հրաչյա Գրիգորյանը կարողացել է գրանցել  պետավտոտեսուչի մեքենայի համարը` 721 ՈՍ 01 (բորտի համարը` 12.55): Հրաչյայի մեքենան, ժողովրդի լեզվով ասած, «յաշիկ ջիպ» է` 13 SL 846 համարանիշով:
«Ժողովուրդ»-ն այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից:  Վերջինս հավաստիացրեց, որ մեր կողմից նշված միջադեպն անպայման կուսումնասիրվի, եւ գործին ընթացք կտրվի:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս