Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանի փոխարեն առաջադրվելու է գործող թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, իսկ նրա գլխավոր մրցակիցն է նախորդ ընտրություններում եւս առաջադրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը: «Ժողովուրդ»-ն այս անգամ զրուցեց հենց նրա հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:
-Լինելով գործարար աշխարհում կայացած մարդ` քաջատեղյակ եմ երկրի տնտեսական ու քաղաքական իրավիճակին: Ծնվել ու մեծացել եմ Աջափնյակում, երկրապահ եմ, բացի այդ` լավ ծանոթ եմ այստեղ ապրող մարդկանց խնդիրներին, այստեղ ինձ բոլորը ճանաչում են: Նախորդ ընտրություններին նույնպես մասնակցել եմ դաշինքի կազմում, իմ կողքին կանգնած էր հզոր մի թիմ, հավաքել էի մոտ տասը հազար ձայն, սակայն պարտվել եմ` երեւի այն պատճառով, որ բավական փորձ չունեի: Բայց տարիների ընթացքում ձեռք բերեցի անհրաժեշտ փորձ եւ կարծում եմ, որ արժանի եմ լինել ժողովրդի ներկայացուցիչն Ազգային Ժողովում: Վստահ եմ, որ կարող եմ պատվով դուրս գալ, մարդիկ էլ են շատ անգամ խնդրել, որ առաջադրվեմ:
-Ասացիք, որ երկրապահ եք, մասնակցե՞լ եք արդյոք ԵԿՄ 9-րդ համագումարին:
-Ո՛չ, չեմ մասնակցել, որովհետեւ չէին հրավիրել: Իսկ չեն հրավիրել այն պատճառով, որովհետեւ դահլիճ մտնող ցանկացած երկրապահ գիտեր, որ այնտեղ հայտարարվելու է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, բայց քանի որ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եմ, հրավիրելու ոչ մի իմաստ չկար էլ:
-Ձեր գլխավոր մրցակիցն Աջափնյակի ներկայիս թաղապետ, ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանն է, ընտրություններից ի՞նչ արդյունք եք ակնկալում:
-Մենք իրեն ավելի շատ ճանաչում ենք որպես գործող թաղապետ, ոչ թե որպես դատախազի եղբայր, եթե ընտրությունների արդյունքում դատախազը կմիջամտի, դա ուրիշ բան, իսկ առայժմ նրան նայում եմ որպես գործող թաղապետ, ՀՀ քաղաքացի, ով նույնպես առաջադրվելու է այս տարածաշրջանում:
-Իսկ ինչպիսի՞ մրցակից եք համարում նրան:
-Լուրջ մրցակից է, եթե հաշվի առնենք նրա փորձառությունը եւ պաշտոնական լծակները, պետք է բավականին լուրջ միջոցներ ձեռք առնենք, որպեսզի կարողանանք հաղթել:
-Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ կաշառք է բաժանել, չե՞ք վախենում, որ նույնն էլ ԱԺ ընտրությունների ժամանակ կանեն:
-Ես չեմ հավատում, որ Ռուբեն Հովսեփյանը նման բան կանի, դա ավելի շատ անհատի նախաձեռնություն էր, քան կուսակցության, եւ չեմ կարծում, որ շարունակական բնույթ կկրի, դրա համար այդ ուղղությամբ ինչ-որ միջոցառում չենք նախաձեռնում:
-Ձեր գնահատմամբ` ինչքա՞ն ձայն կհավաքեք:
-Այնքան, որ բավարար լինի հաղթելու համար:
-Իսկ եթե պարտվեք, կսեղմե՞ք Ձեր մրցակցի ձեռքը:
-Իհարկե կսեղմեմ, մենք հո թշնամի չե՞նք, ես առհասարակ հիշաչար մարդ չեմ:
ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՂԲՈՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ