Հերթական անգամ ահազանգ ստացանք գյումրեցիներից, որ Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները չեն աշխատում: Ավելին, բոլոր սպասողներին ավտոկայարանից տեղեկացրել են, որ ամբողջ օրը երթուղայինները չեն աշխատելու, եւ պետք չէ զուր կանգնել ավտոկայարանում: Կառույցի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ պատճառը ճանապարհների վատ վիճակն է, դրա համար ռիսկի չեն դիմում եւ միկրոավտոբուս չեն ուղարկում Երեւան: Սա, սակայն, կարելի է որակել իբրեւ բացահայտ սուտ պարզ պատճառով` Գյումրի-Երեւան ճանապարհին ձնաբուք չկա, եւ դա հավաստում են Երեւանից Գյումրի ժամանած վարորդները: «Նորմալ էկել, տեղ եմ հասել: Բաց էր ճամփեն: Քիչ հետո էլի վիզըվ ունիմ ու գնալու եմ»,-նշեց տաքսի ծառայություններից մեկի վարորդ 44-ամյա Արմեն Անտոնյանը: Զանգահարեցինք Գյումրիում գործող մի քանի տաքսի ծառայությունների, պատասխանը նույնն էր` Գյումրի-Երեւան ճանապարհը բաց է, եւ որեւէ խնդիր չկա: Հարկ է նշել, որ Գյումրիում էլ եղանակը երեկ անհամեմատ ավելի լավ էր: Ձյան տեսքով տեղումներ չկային: Այնպես որ, ավտոկայարանում սպասող մարդիկ հիմքեր ունեին պնդելու, որ միկրոավտոբուսների վարորդների պարապուրդի պատճառը ՀԱԿ հանրահավաքն է:
«Էլ ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել: Զզվել ենք արդեն ամեն անգամ էս հեքիաթները լսելուց: Էս էլ երկիր է հա՞… Ես շատ կարեւոր գործ ունիմ, հիմի գազելը չի էրթա, բայց կողքի կանգնած տաքսիստը թանկ գնով կտանի, էդ ո՞նց ա` իրա համար ճամփեն բաց է, գազելի համար՝ փակ»,-հարցնում էին զայրացած քաղաքացիները:
Գյումրու ավտոկայարանի ավագ երթակարգավար Գագիկ Ավետիսյանից փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը: Նա հստակեցրեց, թե իբր Բազմաբերդի հատվածում են մնացել 4 միկրոավտոբուս, ահա թե ինչու որոշել են այսօր չաշխատել. «Ես պասաժիր չեմ ղրկե Երեւան, որովհետեւ իմ վարորդս կսե, որ ճամփեն փակ է: Ես իմ վարորդիս կհավատամ: Հմի որ պասաժիր ղրկեմ, մնա կես ճամփա, շնորհքով կեղնի՞, ցավդ տանիմ»: Գագիկ Ավետիսյանին փոխանցեցինք, որ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանից, Շիրակի մարզպետարանի ճանապարհատրանսպորտային բաժնի պատասխանատու Խաչատուր Խնձրցյանից տեղեկացել ենք, որ փակ ճանապարհներ չկան, բաց է նաեւ Բազմաբերդի հատվածը, եւ հնարավոր է սպասարկել քաղաքացիներին, սակայն երթակարգավարը դարձյալ նույնը պնդեց` շեշտելով, որ իր համար ամենաճշմարտացին երթուղայինների վարորդների խոսքերն են:
Այսքանից հետո մնում է հերթական անգամ արձանագրել այս ոլորտում տիրող ամենաթողությունը: Քաղաքացու սահմանադրական իրավունքն ամեն անգամ ոտնահարվում է, եւ դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Տասնյակ նման դեպքեր ենք արձանագրել եւ այդ մասին տեղյակ պահել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Խոստացել են ուսումնասիրել եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում ուղղությունը սպասարկող ընկերությանը զրկել արտոնագրից, սակայն այդպես էլ խոսքը գործի չի վերածվել:
Գյումրի