ԾՆՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակում խաղաղ պայմաններում զոհվելը «տխուր» ավանդույթ է դարձել: Ոչ պակաս ողբերգական է, երբ առողջ երեխայիդ ուղարկում ես բանակ, եւ նա վաղաժամկետ, հաշմանդամ դարձած, վերադառնում է տուն: Նորություն չէ նաեւ այն, որ կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի կանգնում են սպանված զինվորների հարազատները, որոնց թիվը,  ցավոք սրտի,  ամեն անգամ ավելանում է:
Նախորդ հինգշաբթի բողոքի ակցիայի մասնակիցները  ցույց էին կազմակերպել նաեւ նախագահականի դիմաց: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  ոստիկաններից մեկը քաշքշել էր բանակում սպանված Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին, այնուհետեւ ճմռթել եւ գետնին նետել նրա զոհված որդու նկարը:  Երեկ «Ժողովուրդ»-ը Նանա Մուրադյանից փորձեց ճշտել դեպքի մանրամասները:  Վերջինս պատմեց, որ  նախագահականի դիմաց իրեն մոտեցել է մի ոստիկան եւ պահանջել հեռանալ, ինքն էլ ասել է, որ կհեռանա, բայց սկզբում ուզում է, որպեսզի նախագահը վերեւից տեսնի իր զոհված տղայի լուսանկարը: Այնուհետեւ տեղի է ունեցել վիճաբանությունը: «Ես ամեն ինչ կներեմ, որ ինձ քաշքշեց,  վիրավորեց, բայց որ էրեխուս նկարը ճմռթեց ու գցեց գետնին,  ա՛յ դա ես երբեք չեմ ների, որովհետեւ իմ էրեխեն իմ համար սրբություն ա»,-ասաց Նանա Մուրադյանը: Նա տարբեր լրատվամիջոցներից  վերցրել է քաշքշուքի նկարները եւ ուղարկել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` պահանջելով անհապաղ աշխատանքից հեռացնել ձեռքերին ազատություն տվող ու մոր վիշտը չհարգող ոստիկանին: Նանա Մուրադյանը պատմում է, որ հետագայում ուրիշ ոստիկաններ, որոնք դեպքի ժամանակ այդտեղ էլ չեն եղել,  իրեն սպառնալով, ասել են. «Ձեր արածը կոչվում է սադրանք, ոչ մի նման բան էլ չի եղել»: Բայց լուսանկարներում առկա բարբարոսությունը ժխտելն անհնար է: Ի դեպ,  տիկին Մուրադյանն անձամբ է լսել՝  ինչպես են կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանները հեռախոսով իրենց «շեֆերին» զեկուցում. «Հա՛, էլի էն խելագար ծնողներն են»:
Բանակում տիրող մթնոլորտի մեկ այլ վկայություն է Սուրեն Կիրակոսյանի առողջական վիճակը: Տղայի մայրը` Զվարթ Կիրակոսյանը,  պատմում է, որ Սուրենն  ուռուցք ունի` ուսին գտնվող խալը վերածվել է ուռուցքի: «Նախքան բանակ գնալը Սուրենն անցել է բուժզննություն, սակայն նրան բացարձակ առողջ են ճանաչել, հետագայում որոշ ժամանակ բանակում ուսապարկ կրելուց, մայկաների կտորի հետ շփվելու արդյունքում խալը մեծացել է եւ մազակալել: Տղայիս երեք անգամ հոսպիտալացրել են, սակայն ոչ  մի փոփոխություն, նա շարունակում է ծառայել, եւ բացի ուռուցքից` ունի նաեւ աղիների հետ կապված խնդիրներ: Իմ միակ պահանջը այս պետությունից այն է, որ նրանք վանկատում են` մեզ հիվանդ զինվոր պետք չէ, թող իրենց խոստմանը տեր կանգնեն, ինչքա՞ն կարելի է դիակ բերել բանակից, սպասում են անպայման իմ տղա՞ն էլ մահանա, հա՞, չի՞ կարելի ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել»,-վրդովված ասաց Զվարթ Կիրակոսյանը:
Հ.Գ. ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նախարարներից երեւի միակն էր, որ քիչ, թե շատ լսում էր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցներին: Բայց երեկ նա էլ գլխավոր մուտքից չմտավ: Ի դեպ,  գլխավոր մուտքից ներս մտնող նախարարների թիվն ամեն հինգշաբթի պակասում է: Իսկ ծնողներն էլ, տեսնելով, որ նախարարը խուսափում է իրենց հետ հանդիպելուց, ասում էին. «Բա նոր զինվոր է մահացել բանակում, բա նա կմտնի՞ այստեղից, իհարկե ոչ»:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս