«ՕՅԻՆԲԱԶՈՒԹՅՈՒՆՈՎ» ՊԵՏԲՅՈՒՋԵ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ոսկու շուկայի (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) աշխատակիցների հարկային պարտավորությունները 2014թ. հունվարից ծանրանալու են: Այդ պատճառով ոսկու վաճառքով զբաղվողներից շատերը պատրաստվում են իրենց տներում աշխատել` հարկային պարտավորություններից խուսափելու համար: Ոսկու շուկայի աշխատակիցներից մի քանիսի խոսքով՝ սա շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի «խաղը չէ, այլ պետական խաղ է»: Ի դեպ, դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում համալիր ստուգումներ են իրականացվելու:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ոսկու շուկայի աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին: Պատճառն այն էր, որ ոսկե զարդերի վրա դրված ոսկու հարգը` Սասունցի Դավթի նշանը, պարզ չերեւալու պատրվակով հարկային տեսուչները յուրաքանչյուր վաճառողի շեղ դրված հարգադրոշմի մեկ միավորի համար տուգանել էին 50 հազար դրամի չափով:
«Վաղարշի համար ձեռնտու չէ, որ ոսկու շուկայից աշխատողները հեռանան, հաստատ ձեռնտու չէ: Իրենց պետք չէ՝ ոսկու շուկան փակեն, քանի որ ադամանդն էլ, ոսկին էլ իրենց մենաշնորհն է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց շուկայի աշխատակից 54-ամյա Գագիկը, որը 7 տարի է՝ ոսկու վաճառքով է զբաղվում:
Նրա պատմելով` նմանատիպ երեւույթ եղել է նաեւ 2008թ. մարտի 5-ին եւ 2011-ին. «Սա իշխանությունների հերթական կապիկությունն է: Բյուջեն ինչո՞վ են լցնելու: Հիմա ո՞նց պետք է անեն, որ մեր հիմնարկը գումարով լցնեն: Հերթական օյինբազությունն է, շոու են անում, խանգարում են ոսկերիչների բնականոն աշխատանքը, հետո էլ ներքին կարգով աշխատակիցների շրջանում տարածում են խոսակցություններ, թե կա՛մ աշխատակցի աշխատավարձը բարձրացրե՛ք, կա՛մ էլ տաղավարի վարձավճարը: Վախեցնում են: Նույնը, ինչ կատարվել է Աբովյան քաղաքում, այնպես էլ մեզ մոտ է եղել: Պարտադրում են, որ աշխատողների աշխատավարձը բարձրացնենք»:
Ոսկու շուկայի մեկ այլ աշխատակցի խոսքով՝ շուկայի սեփականատերն արդեն սկսել է 20-30 հազար դրամով բարձրացնել առաջին հարկի տաղավարների վարձերը:
Սակայն ավելի շատ աշխատակիցները մտահոգված են, որ այս տարի ոսկու վաճառքն այնքան էլ լավ չի եղել: «Բոլոր աշխատակիցներն էլ կամուկացի մեջ են, չգիտեն՝ համաձայնեն առաջարկված պայմաններին, թե շուկայից դուրս գան: Մարդ կա՝ արդեն այլ տեղ է փնտրում, որ շուկայից տեղափոխվի»,-ներկայացրեց ոսկերիչ Գագիկը` ընդգծելով, որ այս գործընթացը շարունակվելու է նաեւ ոսկու վաճառքով զբաղվող մյուս կետերում:
Նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ շուկայի աշխատակիցները տուգանվել են միայն այն դեպքերում, երբ հարգադրոշմներից մեկը բացակայել է: «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը Հայաստանում ցանկանա ոսկու շուկայից ապրանք գնել, որը ոսկի չլինի: Միշտ էլ, երբ ստուգումներ ես անում, տուգանքներ ես սահմանում, առաջանում են բողոքներ: Ոսկու շուկայում հարգադրոշմները պետք է լինեն»,-հայտարարել էր նախարարը:
Այս խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային եւ սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին եւ գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, եւ մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում»,-ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի նիստին հայտարարել է վարչապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Վաղարշ Աբրահամյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց քարտուղարուհին, որը նշեց, թե տեղյակ չեն ստուգումներ անցկացնելու որոշումից:
Իսկ թե ինչ պատկեր կստացվի ստուգումներից հետո, կներկայացնենք առաջիկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս