ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆԸ ՈՉ ԹԵ ԾԱՂՐՆ Է, ԱՅԼ ՀԵԳՆԱՆՔԸ nkar

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Մութաֆյանի «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գրքի շնորհանդեսն ու Գյումրիում դերասանի ծննդյան 70-ամյակի հանդիսությունը համընկան 1988-ի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին… Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գրքի հեղինակը, Ազատ Գասպարյանը մեր դերասանական ընտանիքի այն հազվագյուտ ներկայացուցիչներից էր, որը թատրոն ու էկրան էր բերում զարմանալի, ինքնատիպ մարդկային տեսակ, հաստատում «փոքր մարդու» դրաման, յուրովի ներկայացնում մեծ դրամաների, անգամ ողբերգությունների մեջ ապրող մարդկանց, նրանց կռիվն ու պայքարն ինքնահաստատվելու համար:

-Թատերական բանավեճերի եւ քննարկումների ժամանակ հաճախ է հարց ծագում՝ ո՞ր ժանրի դերասան էր Ազատ Գասպարյանը, ո՞ր ժանրում էր կարողանում հասնել ամբողջական ինքնադրսեւորման:
-Արտաքուստ, մասնավորաբար մինչեւ 1980-ականները, թատրոնում եւ հեռուստաեթերում ստեղծված դերատիպարներով գնահատելիս, կարելի է ասել, որ նա մղվում է դեպի վառ բնութագրականությունը, ինչն էլ հաճախ տանում է դեպի կատակերգականությունը: Սակայն զտարյուն կատակերգակ չէ. շատ հաճախ կատակերգականը դառնում է ընդամենը արտահայտչաձեւ, միջոց՝ թաքցնելու հերոսի ներքին ողբերգականությունը, այն տառապանքը, որը նա կրում է: Հետեւաբար, ողբերգականն ու կատակերգականը, սերտակցված լինելով, առավելապես պարզում բացահայտում են մարդկային տեսակը, նրա պարադոքսալ էությունը: Հետդասական գեղագիտության մեջ հաճախ են կոմիկականն ու տգեղը դրել նույն նժարի վրա՝ տգեղը համարելով ծիծաղելի, նրա մեջ փնտրել կոմիկականի դրսեւորումը: Բայց նրա ստեղծագործության մեջ կատակերգականը ոչ թե ծաղրն է, այլ հեգնանքը, երբեմն՝ կարեկցանքը… Չվախենանք եւ ասենք. դերասանը ժանրային ընդգծումների կամ ժանրային սեւեռումների մեջ ինքնովի համադրում մեկտեղում է պարոնյանական եւ չեխովյան ավանդույթները՝ այսպիսով գոյավորելով մի բացառիկ արտերեւույթ, որը կար ու գոյություն ուներ հայ դերասանական արվեստում, սակայն դերասանը կարողացավ այն դարձնել իրենը, սեփականը, ամեն ինչ համադրել իր արտահայտչական սկզբունքներին, աշխարհընկալման իր կերպին, մարդու մասին ձեւավորած իր պատկերացումներին: Ազատ Գասպարյանի պատկերացումներում եւ ստեղծած բազմաթիվ կերպարներում խղճահարությունն ու հեգնանքը միավորվել են, ձեւավորել ինքնատիպ, արտասովոր ամբողջություն: Ահա ինչու նրա ստեղծագործության մեջ տեսնում ենք գեղագիտական եւ գեղարվեստական տարբեր ավանդույթների միավորումը, որն էլ դառնում է դերասանի ստեղծագործության առանձնահատկությունը: Հենց այստեղից էլ՝ նրա ժանրային հակումները:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ՝ ՀԱՐՑԵՐ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

-Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցն է… Գյումրու մշակութային կյանքը թոթափե՞լ է այդ ողբերգության հետեւանքները:
-Դեռ Գյումրիում նկատվում, զգացվում է այն փշաքաղվածությունը, որը՝ իբրեւ անջնջելի հետք, մնացել է երկրաշարժից: Քաղաքում ժամանակի հաշվարկման նոր միավոր կա՝ մինչերկրաշարժյան եւ հետերկրաշարժյան: Հետերկրաշարժյանն այնքան էլ վառ գույներով չի ներկայանում. տակավին շատ քիչ բան է արվել հատկապես հոգեւոր-մշակութային ոլորտում: Քաղաքը կորցրել է իր կոլորիտը, մշակույթի հանդեպ իր՝ երկյուղածության հասնող սերը, իր տոները, որոնք սոսկ միջոցառումներ չեն: 25 տարվա ընթացքում չեն կառուցվել նոր մշակութային օջախներ, վերականգնվածների թիվն էլ չափազանց քիչ է: Տխուր է փաստելը, որ մինչեւ օրս ամենածանր պայմաններում է գտնվում Այսրկովկասում առաջին նկարչական՝ Գյումրու Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, բազմաթիվ մշակութային-գեղարվեստական կոլեկտիվներ գտնվում են ծանրագույն պայմաններում, չի վերականգնվել փառավոր ավանդույթների տեր Սեւյանի անվան մշակույթի պալատը, որը մի ողջ պատմություն է կրում, անմխիթար վիճակում է «Արագած» մշակույթի կենտրոնը՝ նախկին տեքստիլագործների պալատը: Գյումրին մշակութային մայրաքաղաք հռչակելու նախաձեռնությունը չանցավ ձեւի սահմաններից, ոչինչ չարվեց մշակութային կյանքի վերականգնման, հիմնարար ծրագրերի արմատավորման համար… Ուրեմն, ամեն ինչ ծառայեցվեց հերթապահ միջոցառում կյանքի կոչելու համար… Մինչդեռ քաղաքն ահռելի ներուժ ունի, մշակութային առաջատար դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Այսօր իշխանությունները կամենում են մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի՝ այսպես լուծելու համար մշակութային խնդիրները: Դա նույնպես ձեւական մոտեցում է. նախարարություններ տեղափոխելով՝ հարցեր չեն լուծվում: Ծրագրեր են պետք, ֆինանսներ եւ նախաձեռնողականություն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 
«ՄԱՆԴԵԼԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ, ԿԼԻՄԱ ԷՐ ՓՈԽՈՒՄ»

Հինգշաբթի օրը Յոհանեսբուրգում 95 տարեկան հասակում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան։
Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999թթ.։ Նա առաջին սեւամորթ քաղաքական գործիչն է ՀԱՀ-ում, որը դեմոկրատական ճանապարհով ընտրվել է նախագահ եւ կազմաքանդել այդ երկրում ռասսայական խտրականության համակարգը։ Մինչ այդ` 1991-1997թթ., Մանդելան զբաղեցրել է Աֆրիկայի ազգային համագումարի նախագահի պաշտոնը, իսկ 1998-1999թթ. Անջատման շարժման գլխավոր քարտուղարն էր։ Փաստաբանի կրթություն ստացած Նելսոն Մանդելան, 1960-ականներից սկսած, իր քաղաքական գործունեության համար 27 տարի անցկացրել է Հարավային Աֆրիկայի բանտերում։

Նա համարվում է ռասսայական խտրականության եւ անարդարության դեմ պայքարի խորհրդանիշ, իրավապաշտպան եւ հզոր կամքի տեր մարդ, որն անվերադարձ նվիրվել է Աֆրիկա մայրցամաքում եւ ամբողջ աշխարհում դեմոկրատիա հաստատելու պայքարին։ Մանդելան վերջին տարիներին ունեցել է առողջական խնդիրներ, մասնավորապես թոքաբորբ եւ քարեր լեղապարկում, պարբերաբար տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջին անգամ նա հանրությանն էր ներկայացել 2010թ. հուլիսին` մասնակցելով Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը։
«Մենք կորցրինք մեր երկրի ամենամեծ զավակին»,-ասել է ՀԱՀ ներկայիս նախագահ Ջեյքոբ Զուման։
Իսկ ի՞նչ կարծիքի են Նելսոն Մանդելայի մասին մեր երկրի մշակույթի մարդիկ։ Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը մասնավորապես ասաց. «Իմ հայացքներով՝ նա պայծառ, լուսավոր մարդ էր, եւ, իհարկե, եթե նման մարդն աշխարհից հեռանում է, ափսոսում ես, որովհետեւ նա որոշակի դեր է ունեցել այն իրավիճակներում, այն իրադարձությունների ընթացքում, ինչի համար ինքը պայքարում էր։ Եվ, կարծես թե, նրա ցանկությունները, գոնե մասամբ, իրականություն դարձան։ Եվ հասարակությունն էլ նրան եւ նրա քայլերը շատ լավ էր ընդունել։ Նա դրական երեւույթ, դրական կերպար էր իրենց (եւ ոչ միայն իրենց) երկրում։ Ամեն դեպքում, ես հարգում եմ, որ այդ մարդը գործի համար էր պայքարում, իրավիճակ էր ուղղում, կլիմա էր փոխում՝ հոգեւոր, հասարակական եւ այլն»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս