Փետրվարի 28-ին կայացել է Իջեւանի ավագանու արտահերթ նիստ, որը վարել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու վեց անդամները դեմ են քվեարկել նիստի օրակարգին: Իսկ օրակարգում համայնքի բյուջեի հաստատումն էր: Ավագանու վերոհիշյալ վեց անդամները պնդում են, որ օրակարգին դեմ են քվեարկել, քանի որ բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները չեն քննարկվել: Մինչդեռ Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը փաստում է, որ դա ընդամենը նիստերը ձախողելու պատրվակ է, քանի որ բյուջեի նախագծի վերաբերյալ իրենք ավագանու անդամներից գրավոր առաջարկներ չեն ստացել:
Նշենք, որ համայնքի բյուջեն չհաստատվելու պատճառով Իջեւանում ուշանում է քաղաքապետարանի ենթակա հիմնարկների աշխատողներին աշխատավարձերի վճարումը, հետաձգվում է միջազգային եւ այլ կազմակերպությունների համագործակցությամբ նախատեսված ծրագրերի իրականացումը: Փետրվարի 28-ին «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն ավագանու անդամ Վահե Ղալումյանի մասին տեսանյութում շեշտել է, որ նա ՀԱԿ անդամ է: Անհասկանալի է՝ ՀԱԿ անդամ լինել-չլինելն ինչ կապ ունի Իջեւանի ավագանու աշխատանքի հետ: Վահե Ղալումյանն ասաց, որ ինքն անկուսակցական է, սակայն ընկերներ ունի տարբեր կուսակցություններում: Իջեւանցիների խոսքերով` «Իջեւան ստուդիա»-ն փաստացի Վարուժան Ներսիսյանի սեփականությունն է, թեեւ գրանցված է նրա եղբոր կնոջ անունով:
Տավուշ