Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով նախարար Տյերի Ռեպենտինը, ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ողջունել են Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկամյա դադարից հետո բանակցային գործընթացի վերսկսումը եւ հույս հայտնել, որ գալիք հանդիպումները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջխաղացմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել 2014թ. սկզբին՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:
Իսկ մինչ այդ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում Ղարաբաղի հարցով բավականին ուշագրավ հայտարարություններ են արել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել է. «Ադրբեջանը հուսով է, որ հակամարտությունների լուծման եւ սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԵԱՀԿ-ի ջանքերը մոտ ապագայում հաջողություն կունենան»: Սպառազինությունների թույլատրելի բոլոր նորմերը խախտող եւ դա ֆետիշացնող երկրի արտգործնախարարի այս նյարդային հայտարարությունը, բնականաբար, կապված է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդարձակման եւ հայկական զինուժի՝ նոր սպառազինություններով համալրման հետ:
Ադրբեջանական կողմի հայտարարություններում նկատելի էին նաեւ շեշտադրումների փոփոխություններ՝ կարգավորման փաստաթղթի շուրջ: «Ադրբեջանը հավատում է, որ բազային սկզբունքները, ինչպես դրանք արտահայտված են 2009 թվականին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մյուս հայտարարություններում, կարող են բանակցությունների եւ խաղաղ գործընթացի հիմք հանդիսանալ»,-ասել է Մամեդյարովը: Մինչդեռ հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը 2011թ.-ին հենց այդ նույն «բազային սկզբունքների» վրա հիմնված փաստաթուղթը տորպեդահարեց՝ Կազանում ներկայացնելով 14 կետանոց փոփոխությունների փաթեթ: Երեկ, սակայն, Մամեդյարովը խոսել է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ «իրական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության եւ քաղաքական կամքի մասին»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ապա նա ընդգծել է Հարավային Կովկասում կայունության պահպանման կարեւորությունը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը դեռ չորս տարի առաջ է առաջարկել ԵԱՀԿ-ի տիրույթի հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի նախագիծ: Թե ինչ նախագծի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Սակայն հաշվի առնելով Հարավային Կովկասում դիրքերն ամրացնելու մասին Վլադիմիր Պուտինի՝ Գյումրիում արած վերջին հայտարարությունը՝ առաջիկայում թերեւս այդ նախագիծն ավելի մեծ եռանդով առաջ մղվի:
ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ