ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ԵԼՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդը երեկ հայտարարեց, որ իր ելույթը նմանվելու է ոչ այնքան համակարգված քաղաքական վերլուծության, որքան լրահոսային խճանկարի: «Եթե կուզեք, այն կարող եք անգամ հարցազրույց համարել, որովհետեւ վստահ եմ, որ շատ լրագրողներ կցանկանային ինձ հարցեր ուղղել ստորեւ շոշափվող թեմաների վերաբերյալ»,-ասաց նա:

* * *

Քանի որ այսօր մարտի 1-ն է, բնականաբար հարկ է սկսել այդ չարաբաստիկ օրվան պատշաճող թեմայից: Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ ՀՔԾ-ն սեփական ինտերնետային կայքում ընդարձակ տեղեկատվական հաղորդում հրապարակեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ իր վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի մասին… Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը եւ ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը: Այսինքն՝ իշխող վարչախումբը, Ս. Սարգսյանի եւ ՀՀԿ-ի գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը եւ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած եւ տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու: Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում: Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջեւ: Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի եւ Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ:

* * *

Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի օգտին: Հասկանալի պատճառներով դա մեծ խանդավառություն առաջացրեց հայ հասարակության լայն շերտերում, մանավանդ Սփյուռքում: Իսկ Ս. Սարգսյանը եւ Է. Նալբանդյանը, անհուն երախտագիտության խոսքեր ուղղելով Ֆրանսիայի ղեկավարներին, այդ իրադարձությունը համարեցին Հայաստանի դիվանագիտության փայլուն հաղթանակը: Թե ինչ դերակատարություն է այդ հարցում ունեցել Հայաստանի դիվանագիտությունը, իհարկե, միայն Աստծուն է հայտնի… Երկու օր առաջ պարզվեց նաեւ, որ այդ խանդավառությունը վաղաժամ էր, քանի որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Սենատի որոշումը, ինչը դուք ինձնից լավ կարող եք մեկնաբանել: Ուստի, իմ կարծիքով, խանդավառվելու կամ «հաղթանակ» տոնելու փոխարեն, անհրաժեշտ էր Սենատի «պատմական» որոշումը գնահատել նախ եւ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու կամ վնասելու տեսանկյունից, որովհետեւ դա այն խնդիրն է, որի կենսական նշանակությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար ոչ ոք չի կարող ժխտել:

* * *

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին» վերնագիրը կրող մամուլի հաղորդագրությունը: Այդ փաստաթղթի համաձայն՝ մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2.871.509 մարդ, մինչ 2001թ. մարդահամարի արդյունքներով՝ հանրապետության առկա բնակչության թիվը եղել է 3.002.598 մարդ: Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով՝ տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 131.089 մարդով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2002-2011 թթ. ընթացքում Հայաստանում ծնվել է 394.497 եւ մահացել 268.370 մարդ: Տարբերությունը կազմում է 126.127, որը գումարելով վերը նշված 131.089-ին, ստանում ենք 257.216 մարդ: Իսկ եթե սրան էլ գումարենք նույն ժամանակահատվածում Վրաստանից, Ռուսաստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից եւ մանավանդ Ղարաբաղից ներգաղթած ավելի քան 20.000 հոգուն, ապա արտագաղթի իրական թիվը կկազմի շուրջ 277.000 մարդ: Եւ սա, կրկնում եմ, պաշտոնական տվյալներով: Մինչդեռ ոչ պաշտոնական գնահատականներով, վերջին տասը տարիների ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 500.000 մարդ, եւ այսօր Հայաստանի առկա բնակչության թիվն իրականում կազմում է շուրջ 2.5 միլիոն մարդ:

* * *

Վարդան Օսկանյանն անդամագրվեց ԲՀԿ-ին, ինչն ակներեւաբար բխում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից: Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող «Բարգավաճ»-ին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը: Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները: Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Ս. Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը: Ինչեւիցե, եթե Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել: Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե՛ Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե՛ Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի: Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել: Ռ. Քոչարյանը խորտակված, իսկ Ս. Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել:

* * *

Ս.թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ համագումարը պաշտոնապես հայտարարեց, որ անվերապահորեն լծվում է Ս. Սարգսյանի ճռռացող սայլին: Իսկ քանի որ այդ սայլը թավալգլոր սուրում է դեպի երկրի անխուսափելի կործանում, երբեմնի փառապանծ կազմակերպությունը փաստորեն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից՝ այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ… իրականում դա արտահայտում է ոչ թե ԵԿՄ-ի հազարավոր շարքային անդամների, այլ պատեհապաշտ նոմենկլատուրացված վերնախավի դիրքորոշումը, որին, ցավոք, հաջողվեց արատավորել երկրապահի պատիվը եւ պղծել Վազգեն Սարգսյանի ժառանգության եւս մի մասունքը: Արձանագրելով, արդ, ԵԿՄ-ի, որպես հեղինակավոր հասարակական կազմակերպության տխուր վախճանը, պետք է մխիթարվել, սակայն, այն լուսավոր իրողությամբ, որ երկրապահների մեծ մասը, թե՛ միության ներսում, թե՛ նրանից դուրս, եղել, մնում է ու այսուհետեւ եւս կմնա ժողովրդի կողքին, որովհետեւ միությունը սոսկ կեղեւ է, իսկ երկրապահը՛ կենսակերպ ու կոչում: Ուստի ես կխնդրեի հստակ տարբերակել հետեւյալը. մի բան են բուն երկրապահները, եւ բոլորովին մի այլ բան՛ «Երկրապահների միությունը»:

* * *

Առաջիկա ընտրությունների նախօրյակին իշխանական քարոզչության կողմից կրկին շրջանառության մեջ դրվեց իմ հասցեին ուղղված այն հերյուրանքը, թե ես իբր Հայաստանի ավազակապետության պարագլուխներին թաթար-մոնղոլներ եմ անվանել: Նման արտահայտություն ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել եւ չէի էլ կարող թույլ տալ, որովհետեւ դրանով վիրավորած կլինեի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ խորագույն հարգանքի արժանի թաթար-մոնղոլական ժողովուրդներին, որոնք պատմական մի որոշակի ժամանակաշրջանում համաշխարհային նշանակության դեր են խաղացել մարդկության կյանքում: Ես ասել եմ բառացիորեն հետեւյալը. «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը որեւէ կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ»՝ անմիջապես ավելացնելով նաեւ, որ «սա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն:

* * *

Մի այլ ցածրորակ հերյուրանքի համաձայն՝ ես իբր 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԱԽՔ պատվավոր տիտղոսը կրող հայտնի անձնավորությանը «հայրենիքի դավաճան» եմ անվանել, ինչը եւս բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Իմ ելույթներից երկուսում ես ընդամենն ասել եմ, որ եթե այդ անձնավորությունը, նախորդ ընտրություններում Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի դրսեւորած օրինակով, պառակտի ընդդիմադիր ընտրազանգվածը եւ իր ստացած ձայները վերջին հաշվով գումարի վարչախումբը ներկայացնող թեկնածուի ձայներին, ապա նա դրանով «դավաճանություն կգործի ժողովրդի դեմ» կամ «կդավաճանի ժողովրդի գործին»…

* * *

Մի քանի խոսք էլ ձմռան ամիսներին արձանագրված որոշ դրական երեւույթների ու նշանակալի իրադարձությունների մասին: Այս առումով առաջին հերթին պետք է հիշատակել, անշուշտ, ՀՅԴ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի միջեւ արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը:
Հաջորդ դրական երեւույթը Հայկ Գեւորգյանի դեմ կազմակերպված սադրանքի վիժեցումն է, որը մի կողմից՝ պետք է համարել քաղաքացիական գիտակցության եւ լրագրողական համերաշխության հրաշալի դրսեւորում, իսկ մյուս կողմից՝ ապացույց այն բանի, որ իշխանությունը, որքան էլ ամբարտավան, անպարտելի չէ, եւ որ պայքարը նրա կամայականությունների դեմ երբեմն նաեւ արդյունք է տալիս:
Եւ վերջապես, երրորդ նշանակալի իրադարձությունը, ինքնըստինքյան հասկանալի է, ես համարում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, որում, հակառակ աղավաղված արդյունքին, արձանագրվեց երկու կարեւոր իրողություն. նախեւառաջ, իհարկե, Սասուն Միքայելյանի վայելած մեծ ժողովրդականությունն ու հեղինակությունը, եւ ապա՝ ՀԱԿ-ի բարձր վարկանիշն ու կազմակերպական կարողությունը: Դրա հետ մեկտեղ ի հայտ եկավ նաեւ մի դառը իրողություն, այն է՝ իշխանությունների կողմից ընտրակեղծարարության ավելի նուրբ մեխանիզմների կիրառումը, ինչը, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, դաս պետք է հանդիսանա բոլոր ընդդիմադիր ուժերի համար:




Լրահոս