Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի գործով դատաքննությունը: Այն մոտենում է հանգուցալուծմանը: Արդեն հարցաքննվել են գործով վկաները, ինչպես նաեւ ամբաստանյալ Արտակ Կարապետյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին, նա հայտարարում է, որ կասկածում է դատաբժշկի եզրակացությանը եւ պահանջում է իրականացնել արտաշիրիմում: Սակայն բժշկի հարազատները կտրականապես դեմ են, եւ ինչպես նրանք, այնպես էլ այս գործով մի քանի վկաներ միանշանակ պնդում են, որ Աշոտ Գրիգորյանը նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել, եւ նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով: Արտաշիրիմում իրականացնելու վերաբերյալ ամբաստանյալի շահերի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը դատարանն ընդհանրապես չքննարկեց եւ հրապարակեց գործում առկա փաստերը, մասնավորապես դատաբժշկական եզրակացության արդյունքները, ըստ որոնց` բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահը վրա է հասել բութ գործիքի հարվածից: «Դեպքի օրը ամբաստանյալ Արտակ Կարապետյանը եղել է հոգեպես հավասարակշռված վիճակում, հետեւաբար գիտակցել է իր արարքների հետեւանքները»,-շարունակեց նիստը նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանը:
Նշենք, որ ամբաստանյալ Արտակ Կարապետյանը մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով` դիտավորյալ սպանություն: Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Մարտի 1-ին տեղի ունեցած դատաքննության ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ` որպես վկա դատարան հրավիրել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին: Այս միջնորդությունը դատարանը մերժեց, սակայն բավարարեց փաստաբանի հաջորդ` դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանին հարցաքննության հրավիրելու միջնորդությունը: Կես ժամ ընդմիջումից հետո փորձագետը դատարանի դահլիճում էր: Վկան հավաստեց, որ բժշկի մարմնի տարբեր մասերում եղել են կապտուկներ, եւ Աշոտ Գրիգորյանը մահացել է հենց ծեծի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից:
Ամբաստանյալը պնդում էր, որ իր բնակարանում բժշկին ներարկում է արել բուժքույր Լամարա Հարությունյանը, երբ վատթարացել է բժշկի ինքնազգացողությունը: Ասել է թե` ակնարկում էր, որ հնարավոր է, Աշոտ Գրիգորյանը սրսկումից է մահացել: Այս կապակցությամբ Լիպարիտ Ղուկասյանը նշեց. «Ինչ որ հայտնաբերվել են, դրանք տրավմատիկ բնույթի վնասվածքներ են: Իսկ ինչ մնում է դիմեդրոլ-անալգինին կամ ցավազրկող դեղի, ես լավ ծանոթ չեմ, թե ինչ դեղեր են: Բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ սրսկումից մարդ մահանա»:
Հաջորդ դատական նիստը կայանալու է մարտի 13-ին: Այդ օրը քննվելու է տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Գրիգորյանի քաղհայցը, որով նա պահանջում է վնասի փոխհատուցում:
Գյումրի