Ինչպես հայտնի է, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության շրջանակում այս տարվա հոկտեմբերի 21-22-ին «Պայքար Եվրոպայում ռասսիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» թեմայով խորհրդաժողով էր կազմակերպել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեկօրյա այս միջոցառման համար 17 մլն դրամ է ծախսվել: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած ԱԳՆ-ն արտաքին քաղաքական դաշտում գրանցվող անընդմեջ ձախողումներից հետո սիրտ ունեցել Եվրախորհրդի հետ անհանդուրժողականության հարց քննարկել, բայց մյուս կողմից հասկանալի է, որ համաժողովը եղել է «ցտեսություն, Եվրոպա՛» տրամադրություններով, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի եվրոպական հակումների մասին խոսելն առնվազն անլուրջ է: Ափսոս պետբյուջեից դուրս գրված շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարը:
Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում գործում է դեռ 2011 թվականից կամավորության սկզբունքով: Բայց մինչ օրս այդ համակարգի ջատագով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկը չի փորձել օգտվել դրանից, իսկ պատճառը դժվար չէ կռահել. իրենք էլ են հասկանում, որ այս համակարգն անարդյունավետ է, այլապես հազիվ թե ձեռքներից բաց թողնեին իրենց իսկ առաջարկած «հրաշքը»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, 1974թ. հետո ծնված, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները միաբերան վստահեցնում էին` քանի որ դեռ երիտասարդ են, չեն մտածում կենսաթոշակային հարցերի մասին:
Կառավարության երեկվա նիստում որոշվել է աշխատակազմում ստեղծել նոր` հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին: Հատկանշական է, որ կառավարությունն այս քայլին գնաց ԱԺ ՀԱԿ խմբակցության` ՀՀ-ում համակարգված կոռուպցիայի մասին հարցապնդում ներկայացնելուց ու ԱԺ նիստում քննարկելուց հետո: Միայն թե 2009թ. սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, որը պետք է որոշակի պարբերականությամբ նույնիսկ հաշվետվություններ ներկայացներ: Սակայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների մասին վերջին հաշվետվությունը եղել է 2011թ. առաջին կիսամյակին: Այդ խորհուրդը մեկ էլ կենդանության նշաններ է ցույց տվել Սերժ Սարգսյանի՝ «ատկատների» մասին հայտնի հայտարարությունից հետո: Հիմա, սակայն, Տիգրան Սարգսյանը ոչ միայն հիշել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլեւ կառավարության կազմում այդ նպատակով հատուկ բաժին է ստեղծում: Մնում է միայն պարզել, թե այդ դեպքում ինչի համար է հակակոռուպցիոն խորհուրդը:
Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ԱԱԾ-ն ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ միայն նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն պետական բյուջեի միջոցներից մոտ 2 մլն դրամ է ծախսել ավտոպահեստամասեր գնելու համար: Ավելին, հոկտեմբեր ամսվա ընթացքում էլ ԱԱԾ գնած ավտոպահեստամասերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4.5 մլն դրամ: Նշենք, որ ԱԱԾ-ն դրանք հիմնականում գերադասում է գնել անհատ ձեռներեցներից: Թե ովքեր են նրանք եւ ինչ առնչություն ունեն ԱԱԾ վերնախավի հետ, դժվար է ասել: Ամեն դեպքում, հայտնի իրողություն է, որ մեծ չափերի պետական գնումները հասարակ մահկանացուներից չեն արվում: