ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, որը նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, պարզվում է՝ նույնպես տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդ»-ին պարտք էր ավելի քան 300 միլիոն դոլար: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ նախարարն ասել է. «Վերջնական թվի վերաբերյալ տեղեկություն, բնականաբար, չունեի, քանի որ բանակցություններն ընթանում էին, եւ ինչ կլիներ հստակ այդ թիվը՝ պարզվեց բանակցությունների ընթացքում, ինչն էլ պարոն Մովսիսյանը հրապարակեց»: Փաստորեն, դատելով Գաբրիելյանի խոսքից՝ չի բացառվում, որ եթե Հայաստանը չմտներ Մաքսային միություն, բանակցությունների ընթացքում պարզվեր, որ մենք ռուսներին պարտք ենք ոչ թե 300 միլիոն, այլ շատ ավելի: Այսպիսի անպատասխանատու եւ անտեղյակ ֆինանսների նախարար ունենալու պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է:
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԳԱԼԻՍ Է
Դեկտեմբերի 12-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է երեկ՝ Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստից հետո: Նա նշել է, որ եթե արտակարգ իրադարձություններ չեն լինում, ինքը նման համաժողովների մասնակցում է, իսկ այս անգամ վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել մասնակցել: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Հայաստան կատարելիք այցի շրջանակներում Դավութօղլուն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ:
ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ
Մինչ բնապահպաններն ահազանգում են ՀՀ բնությանը հանքարդյունաբերության հասցրած անդառնալի վնասների մասին, կառավարությունը շարունակում է ակտիվորեն աջակցել ոլորտի զարգացմանը: Դա է վկայում ՀՀ կառավարության կայացրած երեկվա որոշումը, որով «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների եւ քանակի պայթուցիկ նյութեր եւ պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում եւ կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում: Նշենք, որ «Ապառաժ» ընկերությունը կատարում է հորատապայթեցման աշխատանքներ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում: