ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿ ՕՐԱԿԱՐԳ

Ազատության հրապարակում ազատամարտիկների երեկվա հանրահավաքին մասնակցել է նաեւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նա կոչ է արել ընդդիմադիր ուժերին դադարեցնել միմյանց հասցեին փոխադարձ քննադատությունը: «Նախեւառաջ անհրաժեշտ է ապահովել ամբողջ հասարակության լիակատար կոնսոլիդացիան: Սա անհրաժեշտ է, եթե մենք մտածում ենք Հայաստանի ապագա կայունության եւ բարեկեցության մասին, իսկ դրան լիովին կարելի է հասնել: Ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան վեր կանգնել ցանկացած ներքին հակասություններից եւ համախմբվել գլխավոր մի խնդրի շուրջ: Նույնը պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության մյուս բոլոր կառույցներում: Մենք պետք է կարողանանք հրապարակել մեկ օրակարգ` դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ նրա կլանի հեռացումն իշխանությունից»,-ասել է նա:

 

 

ԼՈՒՌ ԷՐ

Նախօրեին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մանր բիզնեսով զբաղվող առեւտրականները հանդիպել են Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանի հետ: Հիշեցնենք, որ աբովյանցիներն օրերս ոտքի էին կանգնել` բողոքելով Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետի՝ Վահագն Սահակյանի գործելաոճից, որի արդյունքում Աբովյանում արդեն մի քանի տասնյակ խանութներ են փակվել: Ըստ  «Ժո-ղովուրդ»-ի տեղեկությունների՝ Երոյանը դժգոհող հարկատուներին խոստացել է շտկել դրությունը եւ խոստովանել է, որ այս բացթողումների մեղավորն իրենք են: Դրանից հետո քաղաքացիները որոշել են շարունակել իրենց բնականոն աշխատանքը, բայց նաեւ զգուշացրել են, որ եթե չփոխվի Սահակյանի գործելաոճը, իրենք նորից կսկսեն պայքարել: Իսկ անձամբ Վահագն Սահակյանը ողջ հանդիպման ընթացքում լուռ է եղել, նույնիսկ չի հակադարձել հարկատուների՝ իրեն ուղղված բողոքներին: Տեղեկացնենք, որ ավելի քան չորս օր է, ինչ Սահակյանի աշխատասենյակը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից:

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկացմամբ՝ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի եւ Գորիսի հատվածներում, ինչպես նաեւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՊՈՒՏԻՆԻ

Aravot.am-ը լավատեղյակ մասնագետներից պարզել է, որ Պուտինի այցին ընդառաջ՝ Գյումրիում 60-62 հազար քմ ասֆալտապատում է արվել, որի մեկ քմ-ն արժե 8500 դրամ, այսինքն` մոտավոր հաշվարկներով կատարվել է 527 միլիոն դրամի ասֆալտապատում: Քաղաքում նաեւ 127 նոր լուսակետ է ավելացվել, ընդ որում երկուսը, որոնք տեղադրվել են օդանավակայանի ճանապարհին, հենասյունով են, եւ ամեն մեկի արժեքը 86 հազար դրամ է: Իսկ մնացած 125-ը, որոնք հենասյուներով չեն, ավելի էժան են. մեկ հատի արժեքը 37,500 դրամ է: Ընդհանուր առմամբ 4 միլիոն 859 հազար 500 դրամ է ծախսվել քաղաքում նոր լուսային կետեր ավելացնելու համար: Իսկ թե ինչքան են արժեցել Գյումրու թատրոնի ու օդանավակայանի շենքերում կատարված վերանորոգումները, առայժմ հայտնի չէ: Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն արել են ամեն ինչ, որպեսզի առնվազն գյումրեցիներն ասեն՝ «օրհնվի էն սհաթը, երբ Պուտինը ոտք դրեց Գյումրի»:




Լրահոս