Չնայած ՀՀԿ-ականներն այս օրերին ջանասիրաբար պաշտպանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, սակայն մինչեւ հիմա նրանք չեն փորձել քաղաքացիների համար օրինակ ծառայել ու կամավոր օգտվել վերջին երեք տարիներին Հայաստանում գործող այս համակարգից:
Համենայնդեպս, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ԱԺ-ում ընդունվել էր դեռ 2010թ., եւ երեք տարի շարունակ հնարավորություն կար կամավորության սկզբունքով օգտվել դրանից: Ընդ որում, ուշագրավն այն է, որ 2010թ. կառավարությունն առաջարկել էր պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգել 2014թ., այսինքն` 2012-2013թթ. ԱԺ եւ նախագահի ընտրություններից հետո: Բայց կամավորության սկզբունքով ծրագիրը եղել է նաեւ այս տարիներին:
Նկատենք, որ եթե ժամանակին ՀՀԿ-
ական պատգամավորներն ու նախարարներն օգտվեին այս համակարգից, ապա այսօր իրենց սեփական օրինակով կկարողանային համոզել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներ իրականացնողներին դրա արդյունավետության հարցում: Բայց դատելով ՀՀԿ-ականների պահվածքից՝ իրենք եւս գիտակցում են համակարգի վատ լինելն ու կամավոր չեն ուզում գնալ այդ քայլին: Այլ կերպ, թերեւս, չի կարելի մեկնաբանել իշխանությունների կողմից իրենց իսկ ստեղծած այս «բարիքից» չօգտվելու հանգամանքը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը երիտհանրապետականներից փորձեց ճշտել` եթե համակարգն այդքան արդյունավետ էր, ինչու իրենք կամավոր կերպով չեն օգտվել դրանից: ՀՀԿ-ական պատգամավորները միատեսակ պատասխան էին տալիս: «Խնդիրը լավի ու վատի մեջ չէ: Իսկ չեմ գնացել այդ քայլին, որովհետեւ դեռ երիտասարդ եմ ու այդ ուղղությամբ չեմ մտածել: Երբ պարտադիր կլինի, կգնամ այդ քայլին»,-պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ համակարգից չօգտվելը մեկնաբանեց հայկական մենթալիտետով. «Հայի բնավորության մեջ կա, որ վերջին պահին, վերջին օրը գնան ու կազմակերպեն հարցերը, այդ թվում` առողջական խնդիրների լուծումը: Ընդամենը այդ պատճառով ես մինչեւ հիմա չեմ օգտվել այդ համակարգից: Հայի բնավորություն է»: ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Կարապետյանը սկզբում նշեց, որ 2010-2011թթ. ինքը մշտական աշխատանք չի ունեցել, որ իր աշխատանքային գործունեությունը եղել է ընդհատումներով: Իսկ պատգամավորական ավելի քան մեկ տարվա գործունեության ընթացքում այս համակարգից չօգտվելը նա այսպես մեկնաբանեց. «Անկեղծ ասած, ես բոլոր երիտասարդների նման թոշակային տարիքի մասին չեմ մտածել, թոշակային տարիքը մի քիչ հեռու եմ պատկերացնում, եւ միգուցե դա է պատճառը, որ չեմ դիմել այդ համակարգին: Բայց քանի որ նախկինում աշխատել եմ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում, երբ կենսաթոշակային այդ համակարգի պիլոտային ծրագիրը մեկնարկեց, ես ուսումնասիրել եմ բոլոր դրական ու բացասական կողմերը: Եվ իմ կարծիքով` որոշակի ժամանակ է պետք, որ հասկանանք` կարողանում է համակարգը ճիշտ աշխատել, թե ոչ»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին էլ հարցրինք, թե ինքը կամ մյուս նախարարներն ինչու կամավորության սկզբունքով չեն դիմել կուտակային կենսաթոշակային համակարգին: «Այնպես չէ, որ կամավորության ծրագրով ով ուզենա, կկարողանա համակարգից օգտվել: Պետք է կամավոր հիմնադրամ լինի, որտեղ ներդնեին գումարները: Բայց այդ կամավոր հիմնադրամները չկան: Սկզբունքը եղել է 2010թ. ի վեր, բայց այդ հիմնադրամները չեն եղել: Եթե հիմնադրամները չկային, որտե՞ղ դնեին գումարները»,-ասաց նա: Մինչդեռ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում է, որ կուտակային հիմնադրամներ այս տարիներին եղել են, պարզապես մարդիկ չեն ուզեցել օգտվել համակարգից: «Ֆոնդերը, 2011թ. սկսած, եղել են, համակարգը, 2011թ. սկսած, գործել է, Կենտրոնական բանկն էլ լիցենզիաներ տրամադրել է. այդ բոլորի ցանկերը կարող եք գտնել ԿԲ կայքում»,-նշեց պարոն Մինասյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ