ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս հարցը ես իրեն (Լուկաշենկոյին) տվել եմ հանդիպման ժամանակ, եւ ինքն ինձ ասաց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է, եւ ինձ խնդրեց անձամբ ասել, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է, ամեն ինչ անելու է հայ ժողովրդի համար եւ մոտակայում ինքը հարցազրույց է տալու, եւ անպայման դուք կլսեք»:

Գագիկ Ծառուկյան News.am
Փաստորեն, ոչ միայն Գագիկ Ծառուկյանն է ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, ինչպես ինքն է ասում, այլեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, ի դեպ, մտերիմ հարաբերությունների մեջ է Գ. Ծառուկյանի հետ եւ, այդքանով հանդերձ, վերջերս հանդես էր եկել Ադրբեջանի շահերը պաշտպանող հայտարարությամբ: Հիմա ԲՀԿ նախագահն ամեն ինչ պետք է անի, որպեսզի փրկի Լուկաշենկոյի անունը հայ հասարակության առջեւ՝ դառնալով ընդհուպ մինչեւ նրա խոսնակի դերակատարություն ունեցող որեւէ մեկը: Սակայն ԲՀԿ առաջնորդը մի բան հաշվի չի առնում, որ հայ հասարակությունը վաղուց կասկածամիտ է դարձել:

«Չտեսնել, թե ինչպես է փոխվում պետական կառավարումը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ մեր կյանքը, անհնար է: Մի օրինակ բերեմ: Ո՞վ կարող էր երկու-երեք տարի առաջ հավատալ, որ նախարարի ավտոմեքենան կարող է տուգանվել»:

Հրայր Թովմասյան News.am
Չտեսնել, թե ինչպես են երկրում անհիմն բարձրանում գները, թե ինչպես է աճում աղքատների թիվը, ինչպես են օրը ցերեկով իշխանությունները թալանում սեփական ժողովրդին, բարձրացնում իրենց աշխատավարձերը, եւ ինչպես է տարեցտարի հայաթափվում երկիրը, իսկապես անհնար է: Նաեւ անհնար է չտեսնել, թե ինչ հաջողությունների են հասնում ՀՀԿ-ականները բռնազավթած իշխանությունն ամեն գնով պահելու հարցում, ինչպես են կատարելագործում իրենց հմտությունները պոպուլիզմի եւ ուղեղ լվանալու բնագավառներում: Ինչպես նաեւ անհնար է չտեսնել, որ ունենք Հրայր Թովմասյան անունով նախարար, այն էլ՝ արդարադատության:

«Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի. ձուկը ծովում բազար չանենք»:
Աղվան Հովսեփյան 168.am
Լրագրողների հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք դատախազությունից դուրս եկած անձինք աշխատանքի կանցնեն նոր ստեղծվող միասնական քննչական ծառայությունում, եթե նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվի քննչական մարմնի ղեկավար: Հովսեփյանը, իհարկե, պատասխանեց հայաստանյան իշխանական պաշտոնյային վայել ձեւով՝ իբրեւ թե դեռ ամեն ինչ պարզ չէ, սակայն ճանաչելով պաշտոնյայի ստանդարտ կերպարը` կարող ենք ենթադրել, որ ամեն ինչ լավ էլ պարզ է եւ նույնիսկ` որոշված: Եթե Կոստանյանը կադրային ջարդ իրականացրեց, ապա Հովսեփյանն իր կադրերին առանց աշխատանք չի թողնի: Եթե ստացվի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս