ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե երեխային երբ է ճիշտ մկրտել, ծնվելուց ինչքան ժամանակ հետո:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտությամբ մարդուն տրվում է սրբարար շնորհ, որով նա ազատվում է սկզբնական` ադամական եւ անձնական մեղքերից եւ ազատվելով դրանց պատիժներից` ծնվում հոգեւորապես: Մկրտվողը որդեգրվում է Աստծուն, դառնում Քրիստոսի ժառանգակիցը եւ այդպիսով անդամագրվում քրիստոնեական եկեղեցուն: Մեկ խոսքով` մկրտությունը քրիստոնյա դառնալու առաջին պայմանն է եւ անհրաժեշտ միջոց` փրկության համար: Ինչ վերաբերում է մկրտվողի տարիքին, ապա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների համաձայն, հարկ է երեխային մկրտել 8-րդ օրը: Մանուկներին մկրտելու կարգն ընդունված է եղել քրիստոնեական եկեղեցում դեռեւս առաջին դարերից: Եկեղեցին առաջին իսկ օրերից ոչ միայն արտոնեց, այլեւ իմաստուն կերպով օրինադրեց մանուկների մկրտությունը, որպեսզի նրանք իրենց փոքր տարիքից մաքրվեն ադամական մեղքի ախտերից եւ ստանան մեղքի դեմ պայքարելու շնորհը: Ավանդական քրիստոնեական եկեղեցիների ուսմունքի համաձայն` մկրտվողի հավատքի պատասխանատվությունը դրվում է մկրտող քահանայի, ծնողների եւ հատկապես կնքահոր հավատքի վրա: Բացի այդ` ինչպես որ նրանք, մանկան կամքից անկախ, որոշում են նրա ֆիզիկական եւ մտավոր պահանջները, հոգ են տանում նրա դաստիարակության համար, այնպես էլ պարտավոր են մտածել նրա հոգեւոր կարիքների մասին: Ծնողները, մանուկների կամքից անկախ, կերակուր ու զգեստներ են հայթայթում նրանց համար, առաջնորդում ու դաստիարակում են նրանց: Նույն ձեւով էլ մկրտությամբ նրանք հայթայթում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրենց մանկան հավիտենական երջանկության համար:
տեղեկատվական համակարգ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն մի հայի մկրտությունը թող նրա հոգեւոր մաքրության ու կատարելության նոր սկիզբը դառնա` կնունքը դարձնելով ոչ միայն մեկօրյա ծես, այլեւ հոգեւոր կյանքին մերձենալու ու ավելի բարձր բարոյականությամբ ապրելու միջոց: