ՊԱՊՈՅԱՆԻՆ ՓՈԽԵՑԻՆ
Նախկին պաշտոնյաների տները թալանած «բանդայի» գործով դատավորն ի վերջո փոխվեց: Գործը քննող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը տեղափոխվեց այլ աշխատանքի: Իսկ «բանդայի» գործով նոր դատավոր նշանակվեց Մեսրոպ Մակյանը: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, այս մասին տեղեկացրեց «բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը` Իռա Դավթյանը. «Մխիթար Պապոյանին տարել են Աբովյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ այդ դատարանի դատավոր Մակյանին էլ տեղափոխել են Կենտրոնի դատարան: Չգիտենք, թե ինչն է պատճառը, ու անգամ չգիտենք էլ, թե նոր դատավորով դատական նիստ երբ է լինելու: Ամեն ինչ անորոշ է»: Դավիթի զոքանչը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 9-ին կկայանա իր փեսային ոստիկանությունում ծեծի ենթարկելու գործով դատական նիստը, որի ընթացքում կհրապարակվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
ԾԵԾԵԼ Է ՄՈՐՆ ՈՒ ԴՍՏԵՐԸ
Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նորակերտի բնակիչ Արթուրը դաժանորեն ծեծի է ենթարկել իր դստերը՝ Մարիամին, եւ մորը՝ Ալվարդին: Հարեւանները, լսելով բնակարանից եկող աղմուկի ձայները, ոչ մի կերպ չեն կարողացել օգնության հասնել: Բռնությունը դադարեցվել է միայն իրավապահների միջամտության արդյունքում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը: Կատարվում է քննություն:
ՀՈՎՎԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Տավուշի մարզի Նավուր գյուղում երեկ դիակ է հայտնաբերվել: Ինչպես պարզեցինք Նավուրի համայնքապետ Արամ Նիգոյանից, մահացածը Նավուրի բնակիչ Վարդան Զոհրաբյանն է: «Երեք երեխաների հայր էր: Հովիվ էր աշխատում Չիչնի գյուղում: Երեք օր է՝ կորել էր, ման էին գալիս, չէին գտնում: Հետո էլ գտան այս վիճակում»,-ներկայացրեց Արամ Նիգոյանը: Ըստ գյուղապետի՝ Վարդանին գտել են գյուղի հողատարածքներից մեկում, իսկ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել. «Նրան վերջին անգամ տեսել են գյուղում թաղման արարողությանը: Խմած է եղել, իսկ թե հետո ինչ է եղել, ոչ ոք չգիտի: Ընտանիքն էլ ապրում է սոցիալապես շատ վատ պայմաններում»: