ԵՐԹ՝ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով բողոքի երթ-ակցիա: Երթը մեկնարկեց Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիից, որտեղից ակցիայի մասնակիցնեն ազդանշաններով հասան Հանրապետության հրապարակ եւ շարունակեցին իրենց բողոքի ակցիան: Արդյունքում՝ հրապարակում հսկայական խցանումներ էին առաջացել: Նշենք նաեւ, որ ողջ հրապարակը լցված էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցներով, որոնք ամեն կերպ փորձում էին վերացնել խցանումները: ՃՈ աշխատակիցները հայտարարեցին, որ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդները տուգանվելու են, քանի որ խախտում են երթեւեկության կանոնները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը չորս խմբակցությունների առաջարկած՝ կենսաթոշակների մասին օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժեց ձայների 46/53 հարաբերակցությամբ: Այդ կապակցությամբ մի քանի հարյուր քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին ԱԺ շենքի դիմաց, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետեւ՝ կառավարության շենք: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների օգնությամբ նրանք օրենքը կվիճարկեն ՍԴ-ում, որին կմիանա նաեւ ՄԻՊ գրասենյակը:
Իսկ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի» նախաձեռնության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց, որ նոր օրինագծի դեմ պայքարը վերածվում է շարժման, որի մասնակիցների թիվը 6000-ից արդեն անցնում է: Նախաձեռնության անդամների կարծիքով՝ շարժումն օր օրի հզորանում է:
«Սա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պայքարը չէ, տպավորություն է, որ միայն նրանց է հուզում այս հարցը, բայց այս պայքարը հիմնականում երիտասարդությանն է»,-հայտարարեց Գերասիմը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս