ԷԴ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՏ Է ՀԱՎԱՆՈՒՄ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի բացահայտած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ամերիկյան դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման մասին: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, որը հեղինակել է սույն զեկուցագիրը, ներկայացնում է նորանշանակ նախարարի եւ իր զրույցը ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ: Փաստաթղթում ամփոփված են Նալբանդյանի գնահատականները մարտի 1-ի ողբերգության, ընդդիմության եւ իշխանության քայլերի եւ հնարավոր գործողությունների շուրջ:

2008թ. ապրիլի 29-ին տեղի ունեցած հանդիպման սկզբում նորանշանակ նախարար Նալբանդյանն առաջին հերթին գովաբանել է ԱՄՆ-ՀՀ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին ցուցաբերած աջակցության համար: ԱԳ նախարարն ընդգծել է իր ցանկությունը հարաբերությունները էլ ավելի խորացնելու առումով: «Հայաստանցի պաշտոնյան շեշտեց, որ իր գործունեության առաջնահերթությունը հենց ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են»: Հատկանշական է, որ արեւմտյան արժեքներն իր համար առաջնահերթություն համարող նախարարի գործունեության արդեն 6-րդ տարում Հայաստանը հայտնվեց լիովին հակառակ բեւեռում: Այդժամ որքանո՞վ էր անկեղծ Նալբանդյանը վերոնշյալ խոսքերն արտաբերելիս: «Նա նաեւ իր վշտակցությունը հայտնեց այն հարցի հետ կապված, որ ԱՄՆ-ը Հայաստանում դեռ դեսպան չի նշանակում, ինչը բավականին վատ է անդրադառնում երկուստեք հարաբերությունների վրա»: Նալբանդյանն ամերիկացիներին առաջարկել է իր օգնությունն ակնկալվող դեսպան Մարի Յովանովիչի հաստատման գործում «բոլոր այն պարագաներում, որ ամերիկացիներն անհրաժեշտ կհամարեն»:
Ջ. Փենինգտոնը, իր հերթին խոսակցությունն առարկայականացնելով, բարձրաձայնել է ԱՄՆ-ի մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամի հետ կապված՝ հատկապես նախագահական ընտրությունների եւ հետընտրական բռնությունների կապակցությամբ: Նա հիշեցրել է Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի մեկնաբանություններն առ այն, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բնույթը, առաջին հերթին, էականորեն ենթակա է այն խնդրին, թե արդյոք Հայաստանը կարող է հաղթահարել ժողովրդավարական ճգնաժամն ու վերսկսել բարեփոխումները: Ամերիկացի դիվանագետը հատուկ նշել է, որ նման պարագայում ոչ միայն «Հազարամյակի մարտահրավերներ»-ը, այլեւ ԱՄՆ կառավարության միջոցով իրականացվող նմանատիպ մյուս ծրագրերը եւս կարող են վտանգի տակ հայտնվել: Նալբանդյանը «կատեգորիկ կերպով» հայտարարել է. «Դեմոկրատիան հայ ժողովրդի ու քաղաքական վերնախավի ընտրությունն է, եւ հակառակը ուղղակի գոյություն չունի»:
Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ Նալբանդյանը նշել է, որ «մարտի մեկը պատահեց, եւ այլեւս հնարավոր չէ փոխել անցյալը»: Նրա պնդմամբ՝ տվյալ պահին միակ ճիշտ քայլն առաջ ընթանալն է. «Մենք չենք կարող կանգնել կես ճանապարհին»: Նա որեւէ ափսոսանք չի հայտնել իշխանությունների գործողությունների համար՝ դրանք որակելով այսպես. «Կանխել փոքրամասնությանը, որ փորձում էր ինքնահաստատվել մեծամասնության կամքին հակառակ»: Էդ. Նալբանդյանն արձանագրել է, որ թեպետ ինքն անձնապես շատ է հավանում Տեր-Պետրոսյանին, բայց որոշ «ուղիներ չեն կարող հատվել»: Նա նկատել է, որ որպես քաղաքացի՝ ինքն անկարող է ընդունել Տեր-Պետրոսյանի «հեղափոխական օրակարգը»: Այստեղ կարծես ակնարկ տեսնելով՝ Փենինգտոնը շեշտել է, որ իրենք եւս չեն աջակցել Տեր-Պետրոսյանին, բայց հարկադրված են կանգնել հիմնարար ազատությունների պաշտպանության դիրքում «Ազատություն» ռադիոկայանի, հանրահավաքների եւ լրատվության ազատության համար. «Հստակեցնել կառավարության պարտականությունները, որ պետք է ընդառաջ գնալ սեփական քաղաքացիների ակնկալիքին, որոնք էլ կտեսնեն, որ իրենց քաղաքական ձայնը լսվում եւ հարգվում է»: Նալբանդյանը համաձայնել է եւ անմիջապես ուշիմ աշակերտի նման խոստացել. «Մենք դա կանենք»:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, հրավիրվել են՝ կոալիցիա կազմելու՝ շեշտելով. «Հայաստանն ունի իրական լուրջ ընդդիմադիր ուժեր՝ ի տարբերություն նախկին սովետական մյուս հանրապետությունների»: Նրա կարծիքով՝ Բալթյան երկրներին մի կողմ թողած՝ ոչ մի հետսովետական երկիր չի կարող համեմատվել արեւմտյան ժողովրդավարություն ունեցող երկրների հետ, ուստի նման համեմատությունն այնքան էլ ազնիվ չէ: Այդ համատեքստում ամերիկացի դիվանագետը զարմանք է հայտնում. «Նման համեմատություն մենք երբեւէ չենք արել»: ԱԳ նախարարն ընդգծել է նաեւ, որ հետսովետական երկրների մեջ Հայաստանը լավագույնն է իր ժողովրդավարական ցուցանիշներով:
Նախարարին, կարծում ենք, պատիվ չեն բերում նման հայտարարություններն առնվազն այն համատեքստում, որ ո՛չ Վրաստանում Սահակաշվիլուն, ո՛չ էլ Ուկրաինայում Յուշչենկոյին իշխանության բերած հեղափոխություններից հետո ոչ մի քաղաքացի հանրահավաքային բողոքների պատճառով չի սպանվել՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ 2008թ. մարտի 1-ին առնվազն 10 մարդ գնդակահարվեց: Այսօր արդեն նույն Նալբանդյանն էլ է տեսնում, որ հենց վերը նշված երկրներում հեղափոխությամբ իշխանության եկած ուժերն արդար ընտրությունների արդյունքում զիջեցին իրենց դիրքերը քաղաքական հակառակորդներին: Մինչդեռ Հայաստանում ավելի քան 15 տարի արդար ընտրություններն առասպել են թվում, իսկ այս իշխանությունների գործունեությունն էլ զուտ մակերեսային, իմիտատիվ «բարեփոխումներից» առաջ չի գնում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս