Նոյեմբերի 21-ին Վայոց Ձորում գրանցվել էր ոչնչացող տեսակ համարվող բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք: Հարուցվել էր քրեական գործ, կազմվել էր կասկածյալների շրջանակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործը հարուցվել էր Վաչագան Ղարախանյանի դեմ, որն ասել էր, թե «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն»: Վ. Ղարախանյանից բացի` մեքենայում եղել էին նախկին եւ ներկա պաշտոնյաներ Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը:
Ինչպես պարզվել է, Կարմիր գրքում գրանցված կենդանու վնասվածքը հրացանի կրակոցից է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի որսի մեջ կասկածվող խումբը կաքավի որսի է դուրս եկել եւ նկատելով բեզոարյան այծին՝ կրակել է: Կրակել ու «կրակի» մեջ են հայտնվել, որովհետեւ, ի տարբերություն «խոշոր կալիբրի» որսորդներ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց, հայտնվել են իրավապահների ճիշտ «նշանակետում»:
Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականությունից հեռացավ, սակայն նրա հիմնական զբաղմունքը շարունակեց մնալ ոչ պակաս էքստրեմալ՝ ճամփորդություններ եւ որսորդություն: Ինչպես մտերիմներն են ասում՝ «նա որսորդ է ծնվել ու որսորդ էլ կմնա»: Սակայն եթե պաշտոնավարման տարիներին նա հիմնականում որսի էր գնում Խոսրովի ու Արցախի անտառներում, ապա վերջին շրջանում նրա որսորդությունն առավել էկզոտիկ տիրույթներ է ընդգրկում՝ աֆրիկյան Տանզանիայից մինչեւ Ալթայ, Բառնեուլ` եղջերուի որսի: Եվ եթե հայտնի առյուծով նկարը փաստում է Քոչարյանի «առյուծաձեւ» որսորդության մասին, ապա եղջերուի պարագայում գուցե դժվար է եղել հեծնել կենդանուն, հետեւաբար ֆոտոփաստեր չկան:
Ինչեւէ, մեզ առավել հուզողը որսատարածքներով ու, առավել եւս, որսով ոչ հարուստ Հայաստանն է, որտեղ, այդուհանդերձ, հնչում են կրակոցներ՝ բնաջնջելով Կարմիր գրքում տեղ գտած կենդանիներին: Ի դեպ, նման կենդանիների որս կազմակերպում է «Սաֆարի ինտերնացիոնալ հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն: Հետաքրքիր է, որ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2004թ. հունիսի 26-ի վավերացմամբ պետական անտառային ֆոնդի հողերից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճից 2400 հեկտար եւ Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածք է առանձնացվել եւ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել «Սաֆարի ինտերնացիոնալ» ՍՊԸ-ին: Տեղեկություններ են շրջանառվում, որ այս ընկերությունը պատկանում է Ռ. Քոչարյանի մերձավորներից մեկին: Հասկանալի է, որ Հայաստանի նման երկրում, որտեղ անտառային տարածքների պակաս է զգացվում, նման չափի տարածք կարող է ձեռք բերել ոչ պատահական մարդ:
Որսորդության սիրահար է նաեւ Գագիկ Ծառուկյանը, ում համար որսի նախընտրելի վայրերից է Վայքը: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա վերջին մեծամասշտաբ որսերից մեկը եղել է հենց այնտեղ. Գագիկ Ծառուկյանը որս է արել Վայոց Ձորի նախկին մարզպետ Վարդգես Մաթեւոսյանին պատկանող անտառապատ տարածքում: Որսորդության ընթացքում էլ ամբողջ տարածքը փակ է եղել այցելության համար, եւ առյուծասեր որսորդի անվտանգությունն ապահովել են երկու կողմերի թիկնապահները: Ինչ խոսք, «որսորդները», ինչպես ասում են, ուզածի պես «որսորդություն» են արել, ու անգամ հետաքրքրվող չի եղել` ինչ սկզբունքներով են գործել: Նրանց նկատմամբ պատասխանատվության բեռ սույն առիթով, բնականաբար, չկա եւ չի լինելու:
Այս բախտը, անշուշտ, չեն ունենա նոյեմբերի 21-ին Վայոց Ձորում բեզոարյան այծի որսագողության մեջ կասկածվող անձինք, որովհետեւ նրանք «ընտրյալներ» չեն՝ ո՛չ ապարանքների այգիներն առյուծների վանդակներով զարդարելու հնարավորություն ունեն, ո՛չ էլ, սպանված առյուծին հեծնած, նկարվելու հոբբի: Ու թեեւ բեզոարյան այծի որսագողության դեպքը դեռ պաշտոնապես բացահայտված չէ, այդուհանդերձ, կանխատեսելի է, որ կասկածյալ «որսորդների» բախտը չի բերի՝ ի տարբերություն մեր թվարկած «բարձրաստիճան որսորդների»:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈՐՁՈՒՄ Է ՍԻՐԱՇԱՀԵԼ
Մոտ 15 օր առաջ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանը ՀՀ Բերդի տարածքային խորհրդի նիստում առաջարկ է ներկայացրել տարածքային խորհրդի նոր նախագահ ընտրել Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանին: Խորհրդի անդամները կողմ են քվեարկել մարզպետի առաջարկին: Հայտնենք, որ մինչ այդ ՀՀԿ Բերդի տարածքային խորհուրդը ղեկավարում էր Բերդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը: Հ. Մանուչարյանը հաղթել է 2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, անցած տարվա նոյեմբերի 9-ից անցել քաղաքապետի պարտականությունների կատարմանը: 2013թ. հուլիսի 16-ին մարզպետ Ղուլարյանը որոշում է ընդունել Ա. Շառյանին իր խորհրդական նշանակելու մասին: Գրեթե մեկ տարի մարզպետը քաղաքապետի պաշտոնից զրկված Ա. Շառյանին «չէր հանում» ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից, իսկ հիմա դա արեց: Մեր տեղեկություններով` դա կապված է Վազաշեն-Պառավաքար հատվածում Ա. Ղուլարյանի նախաձեռնությամբ կառուցվող ճանապարհի հետ, որի դեմ Բերդի շրջանի 15 համայնքների ղեկավարներ նամակ են գրել Սերժ Սարգսյանին: Սահմանամերձ շրջանի համայնքների ղեկավարները համոզված են, որ կառուցվող ճանապարհը չի ապահովում ադրբեջանական զինուժի ոտնձգություններից այդ հատվածում երթեւեկի անվտանգությունը, եւ ճիշտ կլիներ գումարներն ուղղել ադրբեջանական գնդակոծություններից լիովին ապահով Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի նորոգմանը: Մեր տեղեկություններով՝ մարզպետը, Հ. Մանուչարյանին ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկելով, փորձում է նոր ճանապարհի կառուցման հարցում շահել Բերդի շրջանի համայնքապետերի դրական վերաբերմունքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ