ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ՃՈԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային եւ պատմական հարցերի շուրջ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել, որոնց անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ»-ը։ Մասնավորապես, իրանական կողմի պնդմամբ, բացի Իրանի մեծագույն բանաստեղծներից Նիզամի Գյանջավիին իբրեւ ադրբեջանցի ներկայացնելը, Ադրբեջանը սեփականացնում է նաեւ իրանական երաժշտական գործիքները։

Սակայն, չբավարարվելով այդքանով, պատմության կեղծարար ազերիները ցանկանում են սեփականաշնորհել նաեւ հարեւան երկրների, տվյալ դեպքում նույն Իրանի մարզաձեւերը։ Բանն այն է, որ Բաքվի իշխանությունները դիմել էին ՄԱԿ-ին՝ ճոկանը իբրեւ ադրբեջանական «ազգային եւ տեղական» մարզաձեւ ճանաչելու պահանջով։ Դա հարուցել էր իրանցի պաշտոնյաների եւ արվեստագետների դժգոհությունը, եւ վերջերս պարզվեց, որ դժգոհություններն արդեն դուրս են եկել երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ հակամարտությունների դաշտից՝ տեղափոխվելով միջազգային ասպարեզ։ Վերջերս, օրինակ, ամերիկյան CNN հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել իրանական ծագում ունեցող ճոկան (կամ պոլո) մարզաձեւի ծագումնաբանության շուրջ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվացած դիմակայության մասին։ Իրանցի հրատարակիչ Սաադեղ Սամին, որը պատրաստվում է վերոնշյալ մարզաձեւի պատմության վերաբերյալ աշխատություն հրատարակել, ասել է. «Դա նույնն է, ինչ ես փորձեմ գրանցել շոտլանդական վիսկին իբրեւ իրանական ազգային ըմպելիք։ Արդյո՞ք կարող եմ ես դա անել։ Իհարկե ոչ»։ Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում էլ Իրանի ճոկանի ֆեդերացիայի նախագահ Համզե Իլխանիզադեն մասնավորապես նշել էր. «Ճոկան (պոլո) մարզախաղը երեք հազար տարվա պատմություն ունի, որը ծագել է Իրանում»։
Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան համաժողովը, եւ ադրբեջանական մամուլը հեղեղված է ճոկան (պոլո) խաղն այդ կազմակերպության կողմից մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում իբրեւ ադրբեջանական մարզաձեւ ներառելու որոշման վերաբերյալ մեկնաբանություններով եւ ընդհանուր ցնծությամբ։ Ամենայն հավանականությամբ, նավթադոլարներն այս դեպքում էլ իրենց դերը խաղացել են։ Ի դեպ, ժամանակին բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Բաքվի իշխանություններն անդամավճարի կամ այլ տեսքով կաշառում են բռնցքամարտի եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիաներին՝ իրենց մարզիկների համար օլիմպիական ուղեգրեր, հետագայում նաեւ մեդալներ ապահովելու խոստումների դիմաց։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս