«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում օրերս ուշագրավ կադրային նշանակում է տեղի ունեցել: Խորհրդարանի ավտոպարկի տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի եղբայրը` Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ` սպանությունների կիզակետում: Վերջապես բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն իր երբեմնի սիրելի պատգամավորին ընդհանրապես մեկուսացրեց քաղաքական դաշտից:
Լեւոն Սարգսյանին չօգնեց անգամ որդու անունը, ում, ի պատիվ Սերժ Սարգսյանի, Սերժ է անվանել: Բայց այս նշանակումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ երբ Ալրաղացի Լյովիկը պատգամավոր էր, նրա օգնականը ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանն էր:
Այնպես որ, այս ֆոնին Լյովիկի եղբայրը կարող էր ոչ թե ավտոպարկի տնօրեն նշանակվել, այլ մի ողջ «խորհրդարանի»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում