Ինչո՞ւ է ուշանում «Արմավիր» ՔԿՀ-ի բացումը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2014 թ. ապրիլի 30-ին, երբ Հովհաննես Մանուկյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար, մարտի 17-ին այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ եւ կարծիք հայտնել, որ ՔԿՀ-ի առաջին մասնաշենքի բացումը կլինի հունիս ամսին: Սակայն, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ խոչընդոտների արդյունքում ՔԿՀ-ի բացումը որոշակի կուշանա:

Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի բացումը ուշանում է եւ «Ժողովուրդ»-ը պարզաբանում ստանալու համար դիմել էր ՀՀ արդարադատության նախարարությանը: Ի պատասխան մեր հարցման, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասել էր. «Պարզ դարձավ, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում հնարավոր չի լինի քրեակատարողական հիմնարկի 1-ին մասնաշենքը շահագործման հանձնել եւ այնտեղ տեղափոխել նախատեսված 400 դատապարտված անձանց, քանի որ աշխատանքների պլանում նախատեսված չեն եղել անհրաժեշտ ծավալի բարեկարգման եւ անվտանգության համակարգերի ապահովման աշխատանքներ, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում թույլ են տրվել որոշակի բացթողումներ, որոնք խոչընդոտում են մասնաշենքի շահագործումը»:

Ըստ Սուրեն Քրմոյանի՝ կառուցված շենքի սպասարկման համար նախատեսված արտաքին տարածքների բարեկարգումն այս փուլում նախատեսված եւ իրականացված չէ. «Տեղադրված չեն անվտանգության համար կարեւոր գործոն հանդիսացող դիտաշտարակները: Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է սեղմ ժամկետներում վերացնել այցելության ընթացքում արձանագրված թերությունները եւ նախարարության համապատասխան կառույցների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ շենքը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ուղղությամբ: Վստահ ենք, որ կառավարության գործունեության ծրագրով, որպես 2014թ. իրականացվելիք միջոցառում նշած «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 լրակազմով նախատեսված մասնաշենքը կգործարկվի պլանավորված սեղմ ժամկետներում, ինչպես նաեւ կշարունակվի եւս 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարությունը»:

Տեսնենք, թե որքանով են իրատեսական փոխնախարարի խրոխտ պատասխանները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում   




Լրահոս